Երկու դատավոր ընդդեմ ԲԴԽ-դատական հայց են ներկայացրել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արման Հովհաննիսյանը և Գնել Գասպարյանը հայցադիմումներ են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ վիճարկելով դատավորների առաջխաղացման ցանկից իրենց հեռացնելու մասին ԲԴԽ որոշումները։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ԲԴԽ-ն որոշել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթևիկ Գրիգորյանի, Արման Հովհաննիսյանի եւ Գնել Գասպարյանի անունները հանել Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից։ ԲԴԽ որոշումից պարզ է դառնում, որ դատավորները ցուցակից հեռացվել են այլ հիմքով, առանց մանրամասնելու, թե որոնք են այդ հիմքերը:
Ընդ որում, այդ մասին տեղեկացված չեն եղել նաև դատավորները, որոնց անունները հեռացվել են ցանկից։ Հատկանշական է, որ դատավորների թե՛ բարեվարքությունը, թե՛ նրանց գործունեությունը դրական է գնահատվել, իսկ դատավորները, որոնք հեռացվել են ցանկից, համակարգում համարվում են լավագույն վարկանիշ ունեցողներից, ըստ այդմ, մնում է կարծել, որ ԲԴԽ որոշումը պայմանավորված է բացառապես դատավորների նկատմամբ ԲԴԽ և հատկապես ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կանխակալ վերաբերմունքով։
Դատավորներ Արման Հովհաննիսյանը և Գնել Գասպարյանն ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էին, որ պատրաստվում են հայց ներկայացնել դատարան։
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ հայցադիմումներն արդեն դատարան մուտք են եղել:
Մայիսի 22-ին դատավոր Արման Հովհաննիսյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ԲԴԽ-ին՝ որոշումը մասնակիորեն վերացնել և որպես հետևանք, վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում վերջինիս վերականգնելու, Արման Հովհաննիսյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ, վերջինիս կողմից համաձայնություն տրվելու դեպքում, ՀՀ Նախագահին՝ հայցվորին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Արթուր Ծատուրյանին։ Նույն օրը հայցադիմում է ներկայացրել նաև դատավոր Գնել Գասպարյանը, որը մակագրվել է դատավոր Միքայել Մելքումյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան