Արցախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով սպանված, հաշմանդամ դարձած կամ անհետ կորածների ընտանիքները կստանան ամենամսյա դրամական օգնություն
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է.
«2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախում ունեցել ենք քաղաքացիական զոհեր, հաշմանդամության հանգեցրած վիրավորումների, քաղաքացիական անձանց անհետ կորելու դեպքեր, որոնց հետևանքով այդ անձանց ընտանիքները՝ կանայք, անչափահաս երեխաները, ծնողները հայտնվել են ծանր կացության մեջ, կորցրել են իրենց կերակրողներին, նվազել է վիրավորում ստացած անձանց աշխատունակության մակարդակը, մինչդեռ նրանք որևէ աջակցություն չեն ստանում:
Երեկ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի, ֆինանսների և էկոնոմիկայի ու արդարադատության նախարարների մասնակցությամբ քննարկվել ու ավարտին է հասցվել քաղաքացիական զոհերի, հաշմանդամների ու անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին դրամական օգնություն ցուցաբերելու մասին կառավարության որոշման նախագիծը: Առաջիկա օրերին այն կընդունվի և գործողության մեջ կդրվի:
Խնդիրը, որը փորձ է արվում կարգավորել կառավարության վերոհիշյալ ծրագրով, օրակարգային էր տևական ժամանակ, ուստի կարևոր է, որ կառավարությունը ի վերջո այս քայլով կկարողանա մեղմել վերը նշված սոցիալական խմբի հոգսերը և սոցիալական այն խնդիրները, որոնք առավել սուր տեսք են ստացել հատկապես Արցախի շրջափակման պայմաններում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան