Իրանը և Հայաստանը համատեղ Արաքս-Մեղրի ազատ տնտեսական գոտի կունենան
Իրանցի պաշտոնյան նշել է այն կարևոր դերակատարումը, որն «Արաքսը» կարող է ունենալ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ:
Իրանն ու Հայաստանը համատեղ կստեղծեն «Արաքս-Մեղրի» ազատ տնտեսական գոտի, որը ներառում է «Արաքս» ազատ առևտրաարդյունաբերական գոտին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում և Մեղրի քաղաքը:Sputnik Արմենիայի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնել է Իրանի բարձրագույն խորհրդի ազատ առևտրաարդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների քարտուղարության ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման բաժնի ղեկավար Զոհրե Բահրեբարը։
«Ազատ առևտրաարդյունաբերական ու հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղարության օրակարգում Իրանի և թիրախային երկրների միջև համատեղ ազատ գոտիների ստեղծումն է։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այդ հարցի իրագործմանը և շարունակում ենք նման գոտիների ձևավորումը»,-Բահրեբարի խոսքը մեջբերում է Fars գործակալությունը:
Բահրեբարը կարևորել է այն դերակատարությունը, որն «Արաքսը» կարող է ունենալ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ։ Այն գտնվում է «Արևելք-արևմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքի գոտում, որը, նրա խոսքով, ձգտում է ստեղծել Կենտրոնական Ասիայի երկրների մեծամասնությունը: