Իրանն ու Հայաստանը քննարկում են «Արաս և Մեղրի» համատեղ ազատ գոտու ստեղծման հարցը
ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է Իրանի և Հայաստանի միջև «Արաս և Մեղրի» համատեղ ազատ գոտի ստեղծելու համաձայնության մասին, հավելելով, որ այդ նպատակով հանդիպում է կայացել Թեհրանում ՀՀ դեսպանի հետ, գրում է ParsToday-ը։
Հինգշաբթի օրը Արաս ազատ գոտում կայացած համատեղ ազատ գոտիների մասնագիտացված հանդիպման ժամանակ, Զոհրե Բահրեբարն ասել է. «Համատեղ ազատ գոտիների ստեղծման նպատակը ծառայություններ մատուցելն է, կառավարումը և համատեղ սեփականությունը, տնտեսական դիվանագիտության զարգացումը, տարածաշրջանային համագործակցության խթանումը, ներդրողներին փոխադարձ աջակցությունը և առևտրային ենթակառուցվածքների զարգացումը»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Արաս և Մեղրի» համատեղ ազատ գոտու ստեղծման, համատեղ սահմանային անցակետի, ինչպես նաև Երևանում «Արաս» ազատ գոտու արտադրանքի ցուցահանդեսի անցկացման հետ կապված հարցեր:
Զոհրե Բահրեբարը նշել է. «Արտարժութային եկամուտների, օտարերկրյա ներդրումների և պետական եկամուտների ավելացումը՝ արտահանման աճին և մարդկային հմտությունների կատարելագործմանը զուգահեռ, ընդհանուր ազատ գոտիների մյուս առավելություններից են»։
Զոհրե Բահրեբարը հավելել է. «Կենտրոնական Ասիայի երկրների մեծ մասը հետամուտ է արևելք-արևմուտք միջանցքի ստեղծմանը, իսկ «Արաս» ազատ գոտին կարող է կարևոր դեր խաղալ այս միջանցքում գտնվելու շնորհիվ»։