Սյունիքի նախկին մարզպետի նկատմամբ փողերի լվացման դեպքով հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում․ Դատախազություն
Հսկող դատախազի` 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի կողմից փողերի լվացման հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա, հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում. Ս.Խ.-ի՝ 2021 թվականի մեղադրանքը լրացվել է: Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Խ.-ն, 2004 թվականից մինչև 2013 թվականի հունիսի 6-ը, այնուհետև՝ 2014 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 6-ը, զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ, մասնակցել է լեռնաարդյունաբերության բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Լեռ-ԷՔՍ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) կառավարմանն ու օրինականացրել է այդ գործունեությունից հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլրդ 805 մլն 587 հազար դրամը:
Հանցավոր ճանապարհով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված 16 մլրդ 805 մլն 578 հազար դրամը Ս.Խ.-ն միախառնել է իր այլ եկամուտների հետ ու տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, իր և մերձավորների անվամբ հաշվառված տարբեր ընկերություններում ներդրումներ կատարելու եղանակներով, դրանց հաղորդել է օրինական տեսք:
Այդ նպատակով 2012 թվականի օգոստոսի 21-ից հետո Ս.Խ.-ն, ի թիվս այլնի, կատարել է մի շարք գործարքներ, ինչպես նաև ձեռք է բերել և իր հետ փոխկապակցված անձանց անուններով հաշվառել հետևյալ գույքերը.
1. 2012 թվականի սեպտեմբերի 12-ին և 13-ին մոտ 10 մլրդ դրամ է փոխանցել օֆշորում գործող ընկերությանը.
2. 2012 թվականի օգոստոսի 22-ին 16 մլն դրամ է փոխանցել ջրային և ամենագնաց մոտոցիկլներ ձեռք բերելու համար.
3. 2012 թվականի նոյեմբերի 29-ին մոտ 22 մլն դրամ փոխանցում է կատարել՝ 2 ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով.
4. 2012 թվականի օգոստոսի 22-ին և նույն թվականի նոյեմբերի 27-ին մոտ 2,5 մլրդ դրամի ավանդներ է ներդրել երկու բանկում.
5. 2012 թվականի դեկտեմբերի 19-ին և նույն թվականի դեկտեմբերի 27-ին իր հաշվեհամարից մոտ 92 մլն դրամի փոխանցումներ է կատարել՝ ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով.
6. 2013 թվականի մայիսի 15-ին և 21-ին մոտ 1,6 մլն ԱՄՆ դոլար է փոխանցել՝ Ռուսաստանի Դաշնությունում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով.
7. 2013 թվականին մոտ 146 մլն դրամի ներդրում է կատարել դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 11-ին իր և այլ անձի անվամբ ձեռք բերված ընկերության կանոնադրական կապիտալում.
8. 2014 թվականի ապրիլի 25-ին մոտ 54 մլն դրամով ձեռք է բերել նույն թվականի արտադրության ավտոմեքենա.
9. 2014 թվականի հուլիսի 14-ին ներդրման պայմանագրերի հիման վրա Ս.Խ.-ի կողմից մոտ 10 մլրդ դրամի ներդրում է կատարվել իր կողմից ստեղծված մեկ այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում.
10. 2014 թվականի դեկտեմբերի 1-ին կատարել է մոտ 75 մլն դրամի ներդրում.
11. 2015 թվականի ընթացքում Ս.Խ.-ի կողմից ներդրվել է մոտ 950 մլն դրամի ավանդ և այլն:
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի նկատմամբ 2021 թվականի ապրիլի 8-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Նորավան համայնքի ղեկավարին դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլն 132 հազար 891 դրամ արժողությամբ գույքի վատնում, ինչպես նաև երկու այլ դեպքերով դրդել էր պաշտոնատար անձանց կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Մասնավորապես՝ Սյունիքի մարզպետ Ս.Խ.-ն 2010 թվականի մայիս-հունիս ամիսներին, մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող Կապան քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրենին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, ինչի արդյունքում իր որդու՝ Տ.Խ.-ի անվամբ տրվել է հանրակրթական դպրոցն ավարտած լինելու հանգամանքը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ ավարտական վկայական (ատեստատ):
Բացի այդ, Ս.Խ.-ն, 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տեղեկանալով, որ 2014 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզի Ակներ համայնքի 15-րդ փողոցի 7/1 հասցեում գտնվող 1 հա մակերեսով հողամասը հյուրանոցային համալիր կառուցելու համար օտարվել է նախկին մարզպետ Վ.Հ.-ի մտերիմին, լարված միջանձնային փոխհարաբերություններ ունենալով Վ.Հ.-ի հետ, գնված հողատարածքը հետագա ներդրումների համար ոչ պիտանի դարձնելու նպատակով, պաշտոնեական լիազորություններն անցնելով, Ակներ համայնքի ղեկավար Ս.Մ.-ին տվել է ապօրինի կարգադրություն՝ նախկին մարզպետ Վ.Հ.-ի մտերիմի կողմից գնված հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքը կեղծ աճուրդի միջոցով օտարել իր կողմից նշված անձին՝ Ա.Գ.-ին: Արդյունքում՝ օրենքի խախտմամբ՝ առանց աճուրդին երկրորդ կողմի մասնակցության, Ա.Գ.-ն ձեռք է բերել Սյունիքի մարզի Ակներ համայնքում գտնվող 0.43 հա մակերեսով հողատարածքը:
Այսպիսով, Ս.Խ.-ին վերագրվում են հանցանքների կատարում՝ նախատեսված՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդելը) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը) (2 դրվագ)»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Վարույթ է ընդունվել Սուրիկ Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից գույքերն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմում
- «Ժողովուրդ». Մելիքսեթ Պողոսյանի որդին և Սուրիկ Խաչատրյանի մտերիմները կարողացել են համաձայնության հասնել և հաշտվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան