Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող համայնքապատկան շենքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը
2012 թվականի դեկտեմբերի 27-ին Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող համայնքապատկան շենքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը: Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից։
«Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Պուշկինի 2 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ՝ Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող շինությունն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ 2008 թվականի օգոստոսի 28-ին, Կառավարության որոշմամբ, տարածքը ճանաչվել է բացառիկ հանրային գերակա շահ՝ այն հիմնավորմամբ, որ տարածքի բարեկարգմամբ Երևանում կվերանա վթարային բնակելի ֆոնդը, կստեղծվեն կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, կնորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները: Բացի այդ, կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին՝ վերակառուցել և վերականգնել շենքներն ու շինությունները՝ հին Երևանի ճարտարապետական ոճը համադրելով ներկայում կառուցվող շենքերի և շինությունների հետ:
Կառավարության նույն որոշմամբ՝ տարածքի ձեռքբերող է հանդիսացել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն, որի 50 տոկոսի բաժնետերը գործարար Ս.Մ.-ն է, իսկ մյուս 50 տոկոսը պատականում է նրա կնոջը՝ ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր Գ.Ք.-ին:
Ըստ օտարման պայմանագրի՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն, իր միջոցների հաշվին, պետք է ֆինանսավորեր Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող Փրկարար ծառայության նոր տիպային շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, շինարարության տեխնիկական հսկողության աշխատանքներն ու ծառայությունները:
Դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ համայնքապատկան տարածքի օտարումը չի իրականացվել օրենքով սահմանված կարգով, օտարվող սեփականության դիմաց չի տրվել համարժեք փոխհատուցում՝ 15 տոկոս ավելի գումար: Արդյունքում՝ Կենտրոն թաղային համայնքին առերևույթ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ անշարժ գույքը ձեռքբերող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը երկու տարվա ընթացքում չի սկսել օտարման հիմք հանդիսացող գործունեությունը, իսկ շահագրգիռ պատասխանատու պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկել գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումն անվավեր ճանաչելու ուղղությամբ՝ Երևանին զրկելով առանձնապես խոշոր չափերի արժողությամբ անշարժ գույքը սեփական գույքային ֆոնդ վերադարձնելու հնարավորությունից:
Հանրային գերակա շահ ճանաչված լինելու հիմքով օտարված համայնքապատկան գույքն առ այսօր գտնվում է անփոփոխ վիճակում. խախտվել է օտարման գործընթացը (օտարման նպատակի իրագործումը պետք է սկսվեր գերակա հանրային շահ ճանաչելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում):
Ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի մայիսի 24-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:
Հակակոռուպցիոն կոմիտեում 2023 թվականի մայիսի 25-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով (պաշտոնեական անփութություն):
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը համայնքին վերադարձնելու նպատակով՝ հայց կներկայացնի Վարչական դատարան»,- նշում են դատախազությունից: