Անկախ Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներից՝ կյանքն իր ընթացքն է թելադրում մեզ. Արցախի պետնախարար
Այսօր (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) և մայիսի 27-ին (6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) Արցախի Հանրապետության բոլոր դպրոցներում կավարտվեն պարապմունքները և 9-րդ ու 12-րդ դասարանցիների համար կհնչի վերջին զանգը:
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը շնորհավորել է շրջանավարտներին.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին՝ Վերջին զանգի տոնի առթիվ: Դպրոցական կյանքի վերջին ղողանջը ազդարարում է կյանքի այդ քաղցր ու կարևոր փուլի ավարտը և նոր փուլի մեկնարկը, որը տանում է շրջանավարտներին քաղաքացիական ու մասնագիտական կայացման ճանապարհով:
Սիրելի՛ շրջանավարտներ,
Անկախ Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներից՝ կյանքն իր ընթացքն է թելադրում մեզ՝ օգնելով լուծումներ գտնել և քայլել առաջ: Վերջին զանգը խորհրդանշում է հենց լուծումը, որովհետև որակյալ ու ազգային կրթությունն է գլխավոր միջոցը մեր Հայրենիքի զորացման ու զարգացման համար: Ուստի, մաղթում եմ, որ դպրոցում ստացած ձեր մարդկային, ազգային ու քաղաքացիական որակներն ու արժեքները կարողանաք զարգացնել ու իրացնել կյանքի հետագա փուլերում՝ դառնալով օգտակար մարդիկ մեր Հայրենիքի ու ժողովրդի համար:
Թո՛ղ ձեր ուսուցիչների խորհուրդներն ու օրհնանքները միշտ ուղեկից լինեն ձեզ, իսկ ազգային իղձերն ու նպատակները՝ փարոս ձեր երթում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան