ՔԿ. Դեպքը «Վերջին զանգի» միջոցառման փորձի, աշակերտների հետ առնչություն չունի
Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 22:40-ին, հաղորդում է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում» ախտորոշմամբ «Արտաշատի ԲԿ» է ընդունվել Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրի 22-ամյա մի բնակիչ:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ հաղորդում է ստացվել նաև այն մասին, որ մայիսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում նշված բնակավայրի Չկալովի փողոցի սկզբնամասում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակի հարվածով վնասվածքը հասցրել է 2001թ-ին ծնված տղամարդ։
Դեպքի առթիվ մայիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վնասվածքներ ստացած 22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող։ Առողջական վիճակի պատճառով վերջինիս հետ դեռևս քննչական համապատասխան գործողություն չի իրականացվել, նա տեղափոխվել է Երևան քաղաքի բուժհաստատություններից մեկը՝ ստացիոնար բուժման:
Մայիսի 26-ին, գիշերը, հայտնաբերվել և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է 2001թ․ ծնված անձը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք։
Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
«Այս պահին առկա տվյալներով՝ դեպքը բնակավայրի դպրոցում «Վերջին զանգի» միջոցառման փորձի, աշակերտների հետ առնչություն չունի, իսկ կոնկրետ դանակահարության դեպքը տեղի է ունեցել ոչ թե դպրոցի տարածքում, այլ բնակավայրի հուշարձանի մոտ»,-հայտնում են Քննչական կոմիտեից։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան