Հայաստանում առաջին անգամ ներկայացվում են նեոնատալ բուժքույրերի քաղաքականություններ և ընթացակարգեր
Հայաստանում առաջին անգամ ստեղծվել են նեոնատալ բուժքույրերի քաղաքականություններ և ընթացակարգեր, որոնք սահմանում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում վերջիններիս աշխատանքի կանոնները:
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամից հայտնում են՝ այս օրերին Հայաստանում են ԱՄՆ-ից ժամանած բարձրակարգ մասնագետներ, ովքեր վարում են գործնական դասընթացներ երրորդ մակարդակի հիվանդանոցների բուժանձնակազմի համար և ներկայացնում ընթացակարգերն ու ամերիկյան փորձը: Գործնական դասընթացին նախորդել է տեսական հատվածը, որն անց կացվեց նախորդ շաբաթ փորձագետների խմբի կողմից:
«Ամբողջ աշխարհում բժշկական գործառույթները կարգավորվում են պրոտոկոլներով, որոնք ստեղծվում են ապացուցողական խոշոր բազաների հիման վրա: Հայաստանում մինչ այսօր չեն եղել նեոնատալ բուժքույրական լիարժեք պրոտոկոլներ: Այս քայլով մենք լրացրել ենք բացը և դասընթացների միջոցով ստեղծվածը ներկայացնում ենք բուժանձնակազմին», - ասել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու Մանկական ռեանիմացիայի և ինտենսիվ թերապիայի գծով Հրանտ Կալենտերյանը:
Նեոնատալ բուժքույրերի գիտելիքների և հմտությունների զարգացման ծրագիրը մեկնարկել է 2 տարի առաջ՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից ստեղծված մասնագիտական խումբը ԱՄՆ-ի իրենց գործընկերների հետ մշակել է բուժքույրերի ավելի քան 30 քաղաքականություն և ընթացակարգ՝ հիմնված ԱՄՆ-ում կիրառվող համապատասխան փաստաթղթերի վրա:
«Ինձ համար հաճելի է վերադառնալ Հայաստան՝ ներկայացնելու բուժքույրական պրակտիկայի գիտելիքներն այս գեղեցիկ երկրի իմ բուժքույր գործընկերների հետ: 4-օրյա վերապատրաստման ժամանակ ակնհայտ զգացի գործընկերներիս նվիրվածությունն իրենց կատարած աշխատանքին և հուսով եմ, որ իրենց ձեռք բերած գիտելիքը կկիրառեն՝ բարելավելու փոքրիկների խնամքը Հայաստանում», - ասել է ծրագրի ամերիկյան փորձագետ Էրին Մանգրը, ով արդեն մի քանի տարի է՝ համագործակցում է «Հայակական ակնաբուժութան նախագծի» հետ և ամենամյա այցերով կրթական ծրագիր իրականացնում:
«Հայկական ակնաբուժության նախագծի ավելի քան 30-ամյա գործունեության ընթացքում կրթական ծրագրերը միշտ կարևոր տեղ են ունեցել: Սա ևս մեկ քայլ է՝ ոլորտի միջազգային փորձը Հայաստանում ներկայացնելու և բարելավելու առողջապահական ծառայությունների որակը մեր երկրում, - ասել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը: - Աշխատանքը ժամանակատար էր, սակայն ուրախ ենք, որ ստեղծել ենք փաստաթղթերի շարք, որը երկարաժամկետ հեռանկարում օգտակար կլինի բոլոր բուժքույրերի համար: Մենք նախատեսում ենք շարունակել համագործակցությունը ոլորտում՝ այս գիտելիքը նաև մարզերի բուժքույրերին ներկայացնելու համար»: