Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթից առաջ հանդիպում մաեստրոյի հետ
Մայիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլն ու գալա համերգը: «Ասոնանս» անսամբլի կատարմամբ կհնչեն մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ստեղծագործությունները և կհայտարարվեն հաղթող կոմպոզիտորների անունները:
Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների առաջին միջազգային մրցույթն իրականացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից՝ ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը։ Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհի ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։
Լրագրողների հետ զրույցում «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արման Բարսեղյանն ասաց, որ մի քանի տարի համագործակցում են մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ և զրույցների ընթացքում առաջացավ մրցույթ անցկացնելու գաղափարը. նախ և առաջ փորձեն մրցույթի տրամաբանության մեջ դնել այն, որ համադրեն հայ դասական հեղինակների տեքստերը և ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությունը, փորձել դրանով դասական հեղինակներին, հայերեն խոսքն ասպարեզ բերել։
«Դա էր հենց առաջին հիմնական նպատակը, որ մաեստորն հատուկ շեշտադրում էր»,-նշեց նա։
Ըստ Ա. Բարսեղյանի, մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ցանկանում են մրցույթի միջոցով Հայաստանն աշխարհին ներկայացնել և մրցույթը մաեստրո Տիգրան Մանսուրյանի անունով կոչելը լավագույն որոշումն էր՝ հաշվի առնելով նրա միջազգային ճանաչումը։
«Մենք, ըստ էության, փորձեցինք դրսի կոմպոզիտորներին ներգրավել, որպեսզի հայ հեղինակների տեքստերի հետ աշխատեն ու ստեղծագործություններ գրեն»,- ասաց Արման Բարսեղյանը։
Նա վստահ է, որ մրցույթը հաջողված է, ինչի մասին փաստում են արդյունքները. 13 երկրից 24 մասնակից, որոնք ստեղծագործել են 22 հայ հեղինակների ստեղծագործությունների հիման վրա։ Եզրափակիչ փուլ է անցել 6 մասնակից։
«Վեց ամսում 24 ստեղծագործություն է գրվել հայ դասական հեղինակների տեքստերի հիման վրա։ Դժվար եմ պատկերացնում, որ մենք վերջին տարիներին ունենայինք ստեղծագործական նմանատիպ ակտիվություն»,- ասաց նա։
Ըստ նրա, կոմպոզիտորների համար շատ կարևոր է, որ իրենց գրած ստեղծագործություններն անմիջապես կատարվելու են, այսինքն վեց հեղինակներն էլ լսելու են իրենց ստեղծագործությունները։
Ընտրվելու են երեք ստեղծագործություններ՝ համապատասխանաբար արժանանալով առաջին (մրցանակ՝ 3000 դոլար), երկրորդ (մրցանակ՝ 2000 դոլար), երրորդ (մրցանակ՝ 1000 դոլար) մրցանակներին։
«Մրցույթը շարունակական է լինելու։ Հուսով ենք՝ հետագա տարիներին այս աշխուժությունը ոչ միայն չի նվազի, այլ էլ ավելի կակտիվանա»,- ասաց Ա. Բարսեղյանը։
Լրագրողների հետ զրույցում կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն ասաց, որ ծանոթ չէ ստեղծագործություններին, առաջին անգամ վաղը կլսի ու հույս ունի, հետո էլի լսել. լավ գործերն այդպես են՝ ուզում ես նորից ու նորից լսել։
«Ճիշտ է, իմ անվան է մրցույթը, բայց երբևէ չեմ փորձել մտնել մանրամասների մեջ։ Կխնդրեմ՝ մրցույթի մասնակիցները դա նկատի ունենան»,- նշեց մաեստրոն։
Տ. Մանսուրյանի ցանկությունն է՝ լսել բարձր պրոֆեսիոնալ հիմքերի վրա գրված երաժշտություն, լինի այսօրվա երաժշտական մտածողություն, բայց մեր ավանդական հիմքերն այս կամ այն ձևով ստեղծագործաբար յուրացված։
«Թե ինչպես է դա տեղի ունենում, հետաքրքիր է ինձ։ Պետք է ասեմ, որ ավելի շատ հետաքրքրությունս է երիտասարդների հանդեպ, քան իմ ակնկալիքը մրցույթից»,- ասաց նա։
Տիգրան Մանսուրյանի խոսքով, հայ երաժշտական տարածքն առհասարակ այնքան բազմազան է, երբեմն նույնիսկ այնքան իրարամերժ և աշխարհագրորեն, և մշակութային սկզբունքների տեսակետից. «Այս մասին խոսելը կնշանակի երկար բացատրել, թե որի հետ է քո կապը, որն է քեզ համար ընդունելի, որը ոչ և այսպես կսկսվի մի զրույց, որի հիմքում բավական լուրջ կոնֆլիկտ է։
Ես երիտասարդներին հավատում եմ։ Իմ ուսումը ստացել եմ սովետական իրականության տարիներին։ Այն տարիներին դու կարող էիր լավ ջութակահար լինել, լավագույն կոչումը ձեռք բերեիր միջազգային մրցույթում, բայց կոմպոզիցիայի պարագայում դա չէր կարող լինել, քանի որ կոմպոզիցիան գաղափարախոսական բնագավառ էր։ Դու արտասահմանյան որևէ մտածողության, համակարգի, գեղագիտության հետ որևէ առնչություն չէիր կարող ունենալ, ուր մնաց սովորել։ Այսօր երիտասարդությունը սովորում է և ունի կողմնորոշվելու այդ հնարավորությունը ևս։
Ունենք շրջանավարտներ, որոնք կարևոր դեր ունեն երաժշտական կյանքում, որոնց կրթությունն իրականացել է Եվրոպայում»։
Տ.Մանսուրյանն ասաց, որ սովետական տարիներին շատ են եղել պոետական արժեքներից շեղումներ, մի ամբողջ շերտ բացարձակ չէր մտել երաժշտություն, օրինակ, հայրենները, աղոթքները։
«Դրանք բոլորը երաժշտության բնագավառ գալու հսկայական ուժ ունեն։ Հսկայական շերտերի նկատմամբ անուշադրություն էր։ Երբ առաջարկություն եղավ իմ անվան մրցույթ անցկացնել, ասացի, որ այդ մրցույթն այս սկզբունքով եթե եղավ, դա ինձ կհետաքրքրի, կուզենայի դա լիներ։ Թեև դժվարություններ կան՝ միջազգային մրցույթ հայերեն ստեղծագործություններով։ Բարդ է, բայց մենք էլ աշխարհով մեկ սփռված ենք, այն երիտասարդները, որոնք լեզվի հետ կապ չունեն, թող կապվեն, սովորեն»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։
Մրցույթի եզրափակիչ փուլ են անցել՝ Արսեն Բաբաջանյան (Հայաստան / Գերմանիա), Իվան Բուշուև (Ռուսաստան), Ալինա Պոդզորովա (Ռուսաստան), Դավիթ Բալասանյան (Հայաստան), Աննա Հակոբջանյան (Հայաստան), Վարդան Հարությունյան (Հայաստան)։
Վարդան Հարությունյան ասաց, երբ իմացել է մրցույթի մասին, տարաբնույթ գործերի մեջ լինելով հանդերձ՝ որոշել է մասնակցել, քանի որ վաղուց ակադեմիական երաժշտության մեջ թաթախվելու, վերհիշելու կարիք է ունեցել։
Վարդանն իր ստեղծագործությունը գրել է Կոմիտասի, Գեղամ Սարյանի ու Համո Սահյանի խոսքերի հիման վրա։
«Շատ հաճելի է այս մրցույթին մասնակցելը, հետաքրքիր իրադարձություն է, մարտահրավեր»,- ասաց երիտասարդ կոմպոզիտորը։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները
- Ռոբերտ Մլքեյանը Մանսուրյանի անվան կոմպոզիտորների մրցույթի մասնակիցներին խորհուրդ է տալիս լինել համարձակ, շրջանցել կարծրատիպերը
- «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին». կնշվի Տիգրան Մանսուրյանի տարեդարձը
- Հունվարի 27-ին կհնչեն Տիգրան Մանսուրյանի՝ դեռևս հանրությանը չներկայացված ստեղծագործություններ
- Առաջին անգամ կանցկացվի Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան