«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը կրկին հայտնվել է սեփական թիմակիցների թիրախում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կրկին հայտնվել է սեփական թիմակիցների քննարկման թիրախում: Թորոսյանը որքան էլ փորձում է ցույց տալ, որ թիմակիցների հետ լավ հարաբերությունների մեջ է, բայց նա թիմում փորձում է դիրքավորվել որպես ընդդիմադիր: Բանն այն է, որ Թորոսյանը ԱԺ-ում երբեմն ընդդիմադիրների նման թունդ ելույթներ է ունենում, սուր քննադատում սեփական թիմակիցներին:
Օրինակ՝ չորեքշաբթի օրը, երբ ԱԺ-ում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը, հիմնական զեկուցողը պետք է լիներ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, սակայն նա չէր եկել ԱԺ, քանի որ գործուղման էր, ուստի հարցը զեկուցեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանը։ Արսեն Թորոսյանը բավականին սուր արձագանքեց սրան՝ կոչ անելով Կարեն Անդրեասյանին գործուղումներն այնպես կազմակերպել, որ չհամընկնեն ԱԺ գալու հետ:
ՔՊ-ականները տևական ժամանակ է՝ քննարկում են՝ ինչու է Թորոսյանն իրեն ագրեսիվ պահում, ինչու է իրեն թիմում ընդդիմադիրի նման դրսևորում, հաճախ առանձին զրույցների ժամանակ էլ է թիմակիցներին հակադարձում, փորձում քննադատել նրանց: Մի մասը նշում է, որ դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի հետ լարված հարաբերություններով, մի մասն էլ կարծում է, որ Թորոսյանը չի մարսում իր պաշտոնավարման օրոք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տեղի ունեցած վերջին բացահայտումները:
Ամեն դեպքում, մեր տեղեկություններով՝ այս դեպքում գործընթացին դեռ stop է տրված, բայց չի բացառվում, որ առաջիկայում կրկին օրակարգ գա Թորոսյանին կալանավորելու հարցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում