Սելին Դիոնը առողջական խնդիրների պատճառով կրկին չեղարկել է համերգները
Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը առողջական խնդիրների պատճառով չեղարկել Է համերգները, որոնք նախատեսված էին Եվրոպայում մինչև 2024 թվականի ապրիլը: Այս մասին ուրբաթ հայտնել Է France Info ռադիոկայանը։
«Ես փորձեցի ուժ գտնել ելույթ ունենալու համար, բայց հյուրախաղերն ինձ համար կարող են չափազանց ծանր լինել: Ավելի լավ կլինի, եթե դրանք հետաձգենք մինչև այն պահը, երբ ես կարողանամ բեմ դուրս գալ», - ասել է Սելին Դիոնը։
France Info-ի փոխանցմամբ՝ մոտ 40 համերգի չեղարկումը պայմանավորված է բուժման կուրս անցնելու անհրաժեշտությամբ։ Երգչուհու հաջորդ ելույթը նախատեսված էր սեպտեմբերի 1-ին Փարիզում։
2022 թվականի դեկտեմբերին նա արդեն չեղարկել էր համերգները, որոնք նախատեսված էին մինչև 2023 թվականի հուլիսը։
Նշենք, որ 2022 թ-ի դեկտեմբերին երգչուհին հայտարարել էր, որ իր մոտ ախտորոշվել է անբուժելի նյարդաբանական հիվանդություն (Stiff Person Syndrome)։
Stiff Person Syndrome-ը՝ «Քարե մարդու համախտանիշը», հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդություն է, որն առաջացնում է մարմնի հյուսվածքների ոսկրացում: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ չեն կարողանում քայլել կամ խոսել: Հիվանդության ժամանակ օրգանիզմում ձևավորվում է հավելյալ կմախք և մկաններն ու հյուսվածքները աստիճանաբար վերածվում են ոսկորների։ Հիվանդությունը հանդիպում է ամբողջ աշխարհում 1 մլն մարդուց մեկի մոտ: