Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում
Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հաղորդմամբ, Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը։
«Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան - Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել Սյունիքում ռուսական հյուպատոսության բացմանը»,– «Ալֆա նյուզը» մեջբերել է Պալտովի խոսքերը։
Ռուս դիվանագետը նաև հայտնել է, որ որոշում է կայացվել հյուպատոսության բացման համար պետական երկարատև ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով:
Պալտովը շեշտել է, որ որոշվել է մարդկանց ուղարկել տեղում աշխատանք կատարելու համար։
«Որպեսզի նրանք արդեն այնտեղ տեղում սկսեն աշխատել և իրենց ներդրումն ունենան ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում։ Հուսով եմ, որ հունիսին մեր այցը արդյունավետ կլինի», - նշել է Սերգեյ Պալտովը։
«Սպուտնիկ Արմենիա»-ն հիշեցնում է, որ «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 10-ին տեղեկություն էր տարածել, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ցանկություն է հայտնել Սյունիքի մարզում հյուպատոսություն բացել: Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանը տարբեր խողովակներով ծանուցել է Հայաստանի Հանրապետության իշխանություններին նման ցանկության մասին։
Թերթը նաև դիմել է ՀՀ արտգործնախարարություն` հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։
«Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական առաջարկ չի ստացել Սյունիքի մարզում ռուսական հյուպատոսություն բացելու վերաբերյալ»,– ԱԳՆ–ից այսպես են պատասխանել թերթին։
Ավելի ուշ Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարեց, որ դեսպանատանը նման դիմումներ չեն եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան