Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. 1918-ին պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ
Մայիսի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբել է Հոգեգալուստը, որին համընկել էր նաև Հանրապետության տոնը։ Մայր Աթոռի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Պատարագիչ Սրբազանը, իր քարոզում խոսելով Հոգեգալստյան խորհուրդի մասին, ի մասնավորի նշել է. «Եթե Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ լեզվախոսությունն առիթ և պատճառ դարձավ մարդկանց բաժանվելու, ապա հոգեգալուստին առաքյալները տարբեր լեզուներով խոսեցին, որպեսզի ողջ տիեզերքը միավորեն ճշմարիտ աստվածաճանաչության և հարուցյալ Տիրոջ մականի ներքո։ Բաբելոնի աշտարակաշինությունը շրջվեց աստվածային սիրո արտահայտությամբ և մարդկային միությամբ ու համերաշխությամբ, որովհետև Հոգեգալուստը տեղի չունեցավ պարզապես Աստծո մեծագործությունը ցույց տալու համար, թե Աստված ինչպիսի հրաշքներ կարող է կատարել, այլ տեղի ունեցավ՝ մեզ առաջնորդելու դեպի միություն, սեր և համերաշխություն։ Այսօր ևս հնչում է պատգամը՝ առաքյալներից օրինակ վերցնելու, մեր ունեցած շնորհներն աշխարհի հետ կիսելու, միմյանց բաժանելու, մեր մերձավորներին ու հեռավորներին բաժնեկից դարձնելու, այլ խոսքով՝ այդ շնորհին ծառայելու և ոչ թե դրան տիրելու»։
Այնուհետև Միքայել արքեպիսկոպոսը, անդրադառնալով Հանրապետության տոնին, ընդգծեց, որ պետականության գոյությունը և վերջինիս պաշտպանությունը նույնպես Աստծո կողմից տրված շնորհ է։
Այս առնչությամբ առաջնորդ Սրբազանն ասել է․ «Երբ մեր պատմությունը քննում ենք և հասնում մինչև 1918 թվական, տեսնում ենք, որ կարծես թե ոչ մի հնարավորություն չունեինք պետականություն ստեղծելու, բայց պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ։ Ստացանք այդ պետականությունն Աստծո կողմից իբրև շնորհ։ Եվ ի՞նչ էր մեզ պետք. այդ շնորհը բաշխել հայ ժողովրդի բոլոր զավակներին, միավորվել այդ շնորհով և դրանով կյանք ունենալ։ Չտիրել այդ շնորհին, չշահագործել և այն չենթարկեցնել մեր սեփական ցանկություններին, նեղ ու առևտրական նպատակներին, այլ ծառայել պետականության այդ շնորհին»։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հավարտ Սուրբ Պատարագի՝ Հանրապետության տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում կատարվել է նաև Հանրապետական մաղթանք: Արարողությունը հանդիսապետել է Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Հոգևորականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, շենացման և խաղաղ ու բարօր կյանքի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին