Լույս է տեսել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գիրքը
Հայաստանի Գրողների Միությունում կայացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի շնորհանդեսը։ Գիրքը պարզ և անկեղծ զրույցների շարք է մեր այսօրվա դառն իրականության և գողացված ուրախության ժամանակաշրջանում թե՛ մեր անցած ճանապարհի և թե՛ մեր անելիքների մասին՝ հիմնված Աստվածաշնչի կենդանի ապրող պատգամի և մեր ժառանգության վերլուծության վրա:
Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն ասաց, որ սա ոչ միայն գիրք է պատմական դրվագների վերաբերյալ, այլև անհատական մտածումներն են իր կյանքի փորձի, եկեղեցականի, հոգևոր թեմի առաջնորդի, նաև զուտ որպես մարդու՝ քրիստոնյայի։
«Տարբեր անկյուններից հետաքրքիր դիտարկումներ են՝ ընթերցանության համար պիտանի։ Այսպիսի գրքեր մեզանում պետք է շատ հրատարակվեն։ Ոչ միայն քարոզ է, այլև քարոզի ներսում հանրամատչելի գիտելիքներ է փոխանցում»,- ասաց Է.Միլիտոնյանը։
Գրականագետ, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանի ներկայացմամբ, գիրքը զրույցների մի շարք է. «Հեղինակը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ընտրել է մտերիմ զրուցելու ոճ, բարձրաձայնում է մեր երկրի, ժողովրդի, ինքնության ամենակարևոր ու արդիական հարցադրումները՝ դրանց տալով գաղափարաբանական իմաստ, հենք։ Շատ կարևոր հարցադրումների մասին է խոսում հեղինակը։ Գիրքը ուսուցանող է, ինքնաճանաչման տանող է, սխալները սրբագրելու հնարավորություն տվող է։
«Ավետյաց Երկրի» ձեր տեսիլքն իրագործվելու է, ինչպես դուք եք ասում՝ մենք վերադառնալու ենք Շուշի, վերադառնալու ենք մեր ինքնությանը։
Գրքում հեղինակը տալիս է հնարավորություն, բանաձևեր, լուծումներ ընդհուպ մինչև սահմանի պաշտպանություն, տնտեսության կառավարում, ընդհուպ մինչև մարդ-մարդ սովորական հարաբերություններ»։
Նա կարծում է, որ ամեն ընտանիքում պետք է լինի այս գիրքն ու ամեն օր կարդան, քանի որ հարուստ նստվածք թողող գիրք է։
«Այս գրքում ոչ մի չար խոսք չկա, կա հաղթական բարություն, ներկա, մեր իրականության մեջ առկա չար մարդկանց նկատմամբ անգամ բարություն և սեր։ Ահա սա է այս գրքի խորհուրդը, որի տեսիլքով ապրում է Բագրատ սրբազանը»,- ասաց նա։
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը նշեց, որ Բագրատ սրբազանը երբեք չի համակերպվում պարտությանը, քանի որ ինքը հաղթականությունն է տեսել՝ լինելով զինվորի կողքին։
«Երբ թերթում ենք գիրքը՝ հենց սկզբից հասկանում ենք, որ մեր ուրախությունն են մեզանից խլել։ Եթե խլել են, պետք է պայքարենք մեր ուրախության համար։ Եթե խլել են ուրախությունը, պայքարենք վերադարձնելու համար, չպետք է մուրանք սրանից- նրանից։
Մեր եկեղեցին այսօր պայքար է մղում, մեր եկեղեցին ինքնաճանաչման խորհրդով ասում է՝ այո, հայը կարող է իր արժանապատվությունը պահել այս մոլորակի վրա, քաղաքական ինչ դրսևորումներ էլ լինեն, այս պահական ինչ մոտեցումներ էլ լինեն, միևնույնն է՝ կա հաղթանակ, խաղաղություն նրանց համար, ովքեր ուժ ունեն»։
Խաչիկ Մանուկյանն ընդգծեց, որ այս գիրքն արժանապատության գիրք է, առաջին հերթին մեր արժանապատվությունը վեր հանող գիրք է։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախ խորհուրդ տվեց կարդալ ենթավերնագրերը, նշեց, որ գիրքը ոչ միայն խնդիրների արձանագրություն է, նաև, իր կարծիքով, խնդիրների լուծումներ են։
«Մեր բոլոր դժվարությունների պատճառը, հիմքը կամ առավելությունների շնորհը կամ հոգևոր դեգրադացիայից է բխում կամ նրա առկայությունից»,- ասաց նա։
Բագրատ սրբազանը բացատրեց, թե ինչո՞ւ «Ավետյաց երկրի տեսիլքով»․ «1991 թվականին, երբ մենք հռչակեցինք Հայաստանի վերանկախացումը, ես այդ օրերին մեզ նմանեցրել եմ եգիպտական գերությունից դուրս եկած և անապատ մտած ժողովրդի հետ: Աստծո հետ հարաբերություններն այնքան բարդ ու բազմազան են, և մենք տեսնում ենք գերությունից ազատվող և խոստացված ավետյաց երկիր գնացող ժողովրդի վարքը, նրա հիշողությունները, գնում են դեպի ազատություն, բայց դեռ մտածում են գերության մեջ իրենց կենցաղային հիշողությունների մասին: Իրենք գնում են մեծ տեսիլքի մեջ ապրելու, բայց նրանք ոսկե հորթ էին կառուցում, փողի պաշտամունք ունեին: Մեր օրերի մասին չե՞ն հիշեցնում։ Ինձ հիշեցնում է»:
Նա ընդգծեց, որ կյանքը գերագույն պարգև է, բայց գերագույն արժեք չէ. «Կյանքը եթե գերագույն արժեք լիներ, մենք այսքան նահատակություն չենք ունենա։ Անհատի կյանքը գերագույն արժեք չէ, բայց գերագույն պարգև է։
Պետությունը, հայրենիքը, եկեղեցին, ընտանիքն է գերագույն արժեք»։
Նա գրքում մեր ժամանակները բնորոշել է որպես «ամենաորոշակի երևույթը մեր ժամանակների մեջ անորոշությունն է»։
«Մենք բոլորս գիտենք, որ անորոշության մեջ ենք։ Դա ամենաորոշակին է։
Անկեղծորեն խոստովանում եմ՝ ես ապրում եմ իմ վերջին օրվա համար։ Ես մաղթում եմ, որ ամեն հայ մարդ այդպես մտածի, իր վերջին օրվա համար ապրի, ինչպես է ինքը մեկնելու այս աշխարհից՝ նզովվա՞ծ, թե՞ օրհնված։ Եթե ամեն մարդ այդ պահն իր մտքով անի, վստահ եմ, մեր կյանքն ամբողջությամբ կփոխվի»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով, այսօր մենք դաժան իրականության առջև ենք կանգնած։
«Իմ իրականությունը տխուր է։ Մեզ ծաղրում են, ասում են՝ իրականության հետ հարմարվեք, իրականությունն այսպիսինն է, ոտքներդ ձեր վերմակի չափ արեք, մի փոքր հացով ապրեք, յոլա գնացեք։ Սա է իրականությունը, սրանից դուրս մենք ի՞նչ ենք։ Երբ չես ընդունում այդ իրականությունը, ծաղրում են, ձեռ են առնում, համարում են ռոմանտիկ, ցնդած, պաթոսով։ Մեկը, ով ասում է՝ ուզում եմ ունենալ արժանապատիվ կյանք, ասում են՝ պաթոսով է խոսում, դավաճան, ինչպես չես կարողանում իրականության հետ յոլա գնալ։ Ես ասում եմ՝ եթե դա իրականություն է, ինչու չի կարող այդ բոլորին հակառակ իրականություն լինել։
Ես խնդրում եմ՝ երկրորդ իրականության մասին մտածենք։
Իմ հարազատները, արյունակիցները՝ փոքրից մինչև մեծ գերության ու կալանքի մեջ են։ Ով այդպես չի զգում, ինձ արյունակից չէ։ Իմ մաղթանն է՝ մենք դեռ անպայման վերադառնալու ենք Շուշի։ Թող հիմա ասեն պաթոսով է։ Ես հավատում եմ դրան, հավատում եմ, որ տաճարն ի վերջ հաղթելու է փողոցին, հոգևոր Հայաստանը պետք է հաղթի նոր Հայաստանին»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Փաշինյանն իրավունք չունի ստորագրելու, հանձնելու որևէ բան, իրենց հայրական տնից չեն բերել
- Բագրատ Սրբազան. Այսօր Հայոց Եկեղեցին կոչում և հրավիրում է իր զավակներին տեր կանգնել իրենց իրավունքին
- Պարտվածներն ապօրինաբար ձերբակալում են վերջին հաղթած գեներալին... Բագրատ Սրբազան
- Յուրաքանչյուր մեծ ու փոքր, արդարացված ու չարդարացված քայլի համար մարդկանց կալանավորում են․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
- Մեր նշանաբանը պետք է լինի՝ հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «նոր Հայաստանին». Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Չմտածող հասարակությունում սկզբունք ունեցող ինստիտուտները, ինչպիսին եկեղեցին է, սպառնալիք են
- Եթե տեսնում ես՝ քեզ առաջնորդողները չեն կրում պատասխանավություն, դու էլ ես խուսափում այդ պատասխանավությունը կրելուց. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան