Պարո՛ն Քոչարյան, սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է վերջում պլան բաժանեք. Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«Երբեք չէի պատկերացնի, որ ոստիկանների, իրավապահների գործողությունների արդյունավետությունը որոշելու համար կարելի է օրենք խախտել: Պարո՛ն Քոչարյան, սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է վերջում պլան բաժանեք, փորձեք ճշտել՝ ոստիկանները կարող են բռնել, թե ոչ»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Մինչ այդ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե պարեկների աշխատանքի արդյունավետությունը ստուգելու համար մեկ մեքենայի մեջ երթևեկող պատգամավորներով գերազանցել են արագությունը և մարզային ճանապարհային ոստիկաններն իրենց չեն կանգնեցրել, բայց Երևանում պարեկները կանգնեցրել են և վարչական ակտ գրել:
Գեղամ Մանուկյանն ասաց, թե տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ներքին գործերի նախարարությունը՝ Պարեկային ծառայության ՆԳՆ-ն է:
«ՆԳՆ-ն տարբեր ստորաբաժանումներ ունի, այդ թվում զոհվածների ծնողներ ծեծող կարմիր, սև բերետավորները, որոնք արդեն տևական ժամանակ ընդդիմադիր գործիչներ, այդ թվում նաև պատգամավորների նկատմամբ բռնություն են գործադրում և պատասխանատվության չեն ենթարկվում: Անուն-ազգանուններով հայ ժողովուրդը գիտի՝ Ջոմարդյան Հայկազը դարձել է մարմնացումն անօրինականության, թե ինչպես կարելի է ուսադիր կրել և տևական ժամանակ իշխանության բռնաճնշումների գործիք լինել»,-ասաց Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորը ՆԳՆ բյուջեից կատարողականը զեկուցող նախարարի տեղակալ Արա ֆիդանյանին հարցրեց, թե կա՞ թիվ, թե պարեկային ծառայության համար նոր ձեռք բերված մեքենաների քանի տոկոսն է վթարվել և խափանված կանգնած:
Մանուկյանը նաև հետաքրքրվեց՝ բյուջեի կատարողականի վերլուծության մեջ կա՞ համեմատական պատկեր, թե ՆԳՆ-ի բյուջեից քանի տոկոսն է հատկացվել 2022 թվականին Նիկոլ Փաշինյանի անշփում տեղափոխումն ապահովելու համար:
Ֆիդանյանն ասաց, որ անընդունելի է ոստիկանության ծառայողների անձնական տվյալների հարպարակումը և վստահեցրեց, որ եթե լինում են իրավասությունների վերազանցում, ապա իրենք և իրավապահ այլ մարմիններ դրանով զբաղվում են:
ՆԳՆ նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ 67 վթարված պարեկային մեքենաներ ունեն, որոնք հիմնականում սուբյեկտիվ և օբյեկտիվ հանգամանքների հետևանք են:
Ֆիդանյանը վերջում վստահեցրեց, որ ոստիկանությունը իրականացնում է բացառապես հասարակական կարգի պահպանում:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՆԳ փոխնախարարի հետ քննարկումների դրական արդյունքների մասին կիրազեկենք. Վահե Ղազարյանը՝ Միհրան Պողոսյանին Հայաստան վերադարձնելու մասին
- Դրամի արժեզրկման պայմաններում պետական պարտքը 50 %-ից կարող է շատ արագ բարձրանա. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան