Արման Ղուկասյան. Իսկ ի՞նչ այլընտրանքային անվտանգային համակարգ է մեզ առաջարկում Արևմուտքը
«Հայաստանը մտել է ճակատագրական փուլ։ Տեսնում ենք, թե ինչպես են տարբեր արտաքին քաղաքական խաղացողներ փորձում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացը վերցնել իրենց ձեռքը»,- «Հայելի» ակումբում հայտարարեց քաղաքագետ Արման Ղուկասյանը։
Նրա խոսքով, ամենացավալին այն է, որ Հայաստանը ներքաշվել է Ռուսաստան-Արևմուտք բախման մեջ, ավելին՝ հայտնվել է դրա կիզակետում։
«Մենք տեսնում ենք, որ բանակցություններ են տեղի ունենում արևմուտքում, բանակցություններ են տեղի ունենում Մոսկվայում։ Այնպես է ստացվել, որ իշխանությունների անհեռատես ու ոչ պրոֆեսիոնալ քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվել է բարդ ու ծանր իրավիճակում»,-նշեց Ղուկասյանը։
Քաղաքագետի գնահատմամբ, Մոսկվայում հանդիպման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ցուցադրեցին՝ կողմ են, որ այդ հարցը լուծվի արևմտյան հարթակում։
«Սա պարադոքսալ է, քանի որ արևմտյան մոտեցումը նախատեսում է, որ Արցախը պետք է հայաթափվի, հանձնվի Ադբեջանին, ու Արցախի հարցը փակվի։ Ռուսաստանի մոտեցումը բազմիցս լսել ենք, ըստ որի, Արցախի հարցը չի կարող փակվել, այնտեղ պետք է մնան ռուս խաղաղապահները, ինչի արդյունքում բնակչությունը կապրի Արցախում։ Սակայն մենք տեսնում ենք, որ իշխանությունները Հայաստանը տանում են հակառուսականության ճանապարհով, տեսնում ենք, թե ինչպիսի հայտարարություններ են հնչում իշխանական պատգամավորների կողմից, երկրի առաջին դեմքերի կողմից, մերձիշխանական ուժերի, լրատվամիջոցների, այսպես կոչված «ֆեյքերի ֆաբրիկա»-ի կողմից։ Սա չի կարող չբերել ցնցումների»,-ասաց բանախոսը։
Նրա համոզմամբ, մեր երկրում շրջանառվող կեղծ օրակարգերից մեկն էլ վերաբերում է հարցին, ըստ որի, Հայաստանն ունի ազատ ընտրության հնարավորություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև։
«Արևմուտքը մեզ հրավիրե՞լ է ՆԱՏՕ, մեզ երբևէ հրավիրե՞լ են դառնալ ԵՄ անդամ, մեզ երբևէ այլընրանքյաին անվտագային երաշխիքներ համակարգ առաջարկվե՞լ է արևմուտքի կողմից։ Իհարկե, ոչ, որևէ առաջարկ չի եղել։ Նրանք առաջարկում են հրաժարվել լավ թե վատ գործող առկա անվտանգային համակարգից։ Այո, կարող ենք դժգոհ լինել, ասել, որ կան խնդիրներ գործող անվտանգային համակարգում, բայց պետք չէ ընկնել ինքնախաբեության գիրկը։ Որևէ մեկը Հայաստանին այլընտրանքային անվտանգային համակարգ չի առաջարկել, որևէ այլընտրանք ռուս խաղաղապահներին ոչ մեկ չի առաջարկել»,-ասաց բանախոսը՝ ավելացնելով, որ ռուս խաղաղապահների այլընտրանքը թուրք խաղաղապահներն են, իսկ սկանդինավյան երկրներից խաղաղապահներ գալու մասին լուրերը կեղծիք են։
Նրա գնահատմամբ, աշխարհքաղաքական գործընթացներին նայել էմոցիոնալ, ինքնախաբեության, պոպուլիզմի տեսանկյունից նշանակում է ինքնասպանություն, ինքնաոչնչացում։
«Հենց այդ ճանապարհով էլ մեզ տանում են իշխանությունները։ Խոսում են ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Այո, ՀԱՊԿ-ում խնդիրներ կան, բայց ՀԱՊԿ-ից դուրս գալը նշանակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վաթարացում, մեղմ ասած։ ՀԱՊԿ-ից դուրս գալը նշանակում է դեմարշ Ռուսաստանին։ Դրա դիմաց Հայաստանն ունի՞ անվտանգային այլ համակարգում ընդգրկվելու առաջարկ, իհարկե չունի։ Կարող եմ ասել, այսօր կան ուժեր, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, դրանք այն նույն ուժերն են, որոնք ապակայունացրել են իրավիճակը Ուկրաինայում։ Դա հավաքական արևմուտքն է, որի անդամ ցանկացած երկրի համար կապ չունի ոչ Արցախի, ոչ էլ հայ ժողովրդի ճակատագիրը։ Մենք պետք է շարժվեն այն տրամաբանությամբ, թե ովքեր են շահագրգռված տարածաշրջանի կայունությամբ։ Այսօր աշխարհի մեծերի կռիվ է, մենք հայտնվել ենք դրա մեջ»,-նշեց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է կարողանա բալանսավորված արտաքին քաղաքականություն վարի՝ հնարավորինս խուսափելու ցնցումների հետևանքներից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին