Բայդենը պարզաբանել է, թե երբ F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային կլինի ԱՄՆ օրակարգում
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազանգի միջոցով շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Նշվում է նաև, որ երկու երկրների առաջնորդները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև հայտնել իրենց հաստատակամությունը՝ շարունակելու իրենց երկրների միջև համագործակցությունը առկա բոլոր ոլորտներում, գրում է Էրմենիհաբերը։
Ըստ բրիտանական «Reuters» լրատավական գործակալության՝ Բայդենն ու Էրդողանը խոսել են նաև F-16 կործանիչների վաճառքի մասին:
Աղբյուրի համաձայն՝ Բայդենը նշել է, որ կործանիչների վաճառքը օրակարգ կմտնի այն պարագայում, երբ Թուրքիան հրաժարվի Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու հարցում ունեցած իր առարկություններից:
ԱՄՆ նախագահն ասել է, որ վերոհիշյալ թեմայի շուրջ ավելի մանրամասն քննարկումներ կլինեն հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ էր ներկայացրել 2022-ի մայիսի 17-ին:
ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի հայտը դաշինքի անդամներից չեն վավերացրել միայն Թուրքիան և Հունգարիան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան