ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) առաջիկա վեց ամիսներին կարող է բախվել ճգնաժամի։ Պատճառը Մոսկվայի ու Մինսկի դիրքորոշումն է, որոնք խոչընդոտում են կազմակերպությունում Էստոնիայի նախագահության հաստատմանը՝ նախատեսված 2024 թվականի համար, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Ըստ Ֆինլանդիայի հանրային հեռարձակող «Yle»-ի, այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն՝ նաև մտահոգություն հայտնելով, որ ԵԱՀԿ-ն կարող է պարզապես փլուզվել մինչև 2025 թվականը, երբ կառույցում նախագահելու հերթը Հելսինկիինն է լինելու։
«Եթե 2024 թվականին նախագահող չլինի, և այս հարցում փոխհամաձայնություն ձեռք չբերվի, ապա հաջորդ տարին կդառնա ԵԱՀԿ-ի՝ որպես կազմակերպության վերացման տարի»,- ընդգծել է Հաավիստոն։
ԵԱՀԿ կանոնադրության համաձայն, ռոտացիոն կարգով փոփոխվող նախագահողը պետք է հաստատվի կազմակերպության անդամ բոլոր 57 երկրների կողմից։ Մոսկվան ու Մինսկը չեն հաստատել Էստոնիայի թեկնածությունը հաջորդ տարվա համար, իսկ Տալլինը պատրաստ չէ հրաժարվել իր թեկնածությունից։
Անցած տարվա նոյեմբերին Ուկրաինան հայտարարել է, որ բոյկոտելու է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստերը, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի մնացել կառույցից։ Կիևի հայտարարությունը հնչել էր այն լուրերի ֆոնին, որ Լեհաստանը վիզա չի տրամադրել ռուսական պատվիրակությանը՝ վեհաժողովի նիստին մասնակցելու համար: Մոսկվան արձագանքել էր, թե կազմակերպությունը վախենում է անհարմար ելույթներից, որոնք կարող են հնչել քննարկումների ժամանակ։
Հունվարին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է մնա կազմակերպությունում, որպեսզի պահպանվեն բանակցային ուղիները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան