Պարն անձրևի տակ. «Մտքովս անցավ մի հիշվող բան անել»
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում արագորեն տարածված այս գեղեցիկ լուսանկարի հերոսներն արցախցի շրջանավարտներն են՝ համադասարանցիներ Կարենն ու Անին։
Ստեփանակերտի Սախարովի անվան թիվ 8 դպրոցի սաների՝ Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար հասնելուն պես հորդառատ անձրև սկսկեց։
Դասարանի տղաները պատսպարվեցին եկեղեցու նախագավիթում, աղջիկները՝ մոմի վաճառքի համար նախատեսված կառույցում՝ սպասելով, որ անձրևը դադարի։
«Պատահական ստացվեց։ Տեսա, որ անձրևն ավելի է ուժեղանում։ Ասեցի մի բան անեմ, որ հիշվի։ Մտքովս անցավ, որ կարելի է անձրևի տակ պարել։ Վերջ ի վերջո «Վերջին զանգ» է։ Չէի պատկերացնում, որ ամբողջ աշխարհով կտարածվի»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Կարեն Գալստյանը։
Նա զանգում է մի քանի մետր հեռու գտնվող դասընկերուհուն՝ Անիին, որ իրեն ընդառաջ գա ու անձրևի տակ պարեն։ Անին սիրով ընդունում է առաջարկը։
«Վերջին զանգ»-ի բեմական հատվածում Անին Կարենի պարընկերն էր։ Նման գեղեցիկ պար ցուցադրելու համար դասարանցիները պարապում էին դեռ ապրիլից։
Մինչ դեպի պարընկերը վազելը՝ Կարենը լուսանկարչին տեղյակ է պահում իր մտադրության մասին։
«Ստացվեց այն, ինչ-որ ստացվեց»,-ծիծաղում է արցախցի տղան ու խոստովանում, որ նման արձագանքի չէր սպասում։
Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցն այս տարի հինգ 12-րդ դասարան է ավարտել։ Կարեն ասում է՝ Արցախի շրջափակված լինելը չխանգարեց, որ ունենան գեղեցիկ, բովանդակալի միջոցառում, լավ ժամանակ անցկացնեն։
Հիմա նա պատրաստվում է քննություններին։ Մտադիր է ընդունվել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետ։
Լուսանկարների մի մասը տրամադրել է Կարենի մայրը՝ տիկին Կարինեն, մի քանիսը վերցված են դպրոցի ու միջոցառման լուսանկարիչ Գենադի Մուսայելյանի ֆեյսբուքյան էջերից։
Անիի ու Կարենի՝ անձրևի տակ պարի տեսանյութն ու լուսանկարնեը հազարավոր մարդիկ են տարածել իրենց էջերում՝ նշելով. «Արցա՜խ, չհանձնվո՜ղ․․․Ապրե’ք, մեզ ապրեցնելու համար․․․», «Սեր Արցախ», մի գերմանացի էլ տեսանյութը հրապարակել է իր էջում ու գրել «Ավարտեցին շրջափակված Արցախում՝ անձրևի տակ հուզիչ պարով»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են