Անդրանիկ Քոչարյանն ու Գեղամ Մանուկյանը վիճեցին
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր Հայաստանի Զինված ուժերում կանանց ծառայության մասին հարցը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ու հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վիճաբանեցին։
Գեղամ Մանուկյանն ասաց, որ այս տարիներին շատ բան կարելի էր չանել և բանակի հեղինակությունը բարձրացնել. «Կարելի է շատ զինվորականների վրա ցեխ չշպրտել և բանակի հեղինակությունը բարձրացնել, կարելի էր Զինված ուժերի կազմավորման տոնական օրը շատ ավելի համատարած նշել, դրանով բանակի հեղինակությունը բարձրացնել, ոչ թե սղղացնելով անցնել։ Հոգնել եմ, մեկ ու կես տարի է ասում եմ՝ ՊՆ կայքում վերականգնել զինված ուժերի ձևավորման պատմությունը, Արցախյան պատմություն բաժինը ու դրանով բանակի հեղինակությունը բարձրացնել»։
Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ որևէ զինվորականի որևէ մեկն իրավունք չունի վարկաբեկել. «Զինվորականն ինքը պետք է այնպիսի կյանք ապրի, որ որևէ մեկը չկարողանա վարկաբեկել։ Մենք ունենք այդպիսի զինվորականներ, որոնք փառահեղ անցյալ ունեն, բայց նաև անկումներ են ունեցել, որոնք ողբերգական են թե իրենց ընտանիքների համար, թե մեր երկրի` կադրային կորստի տեսանկյունից»։
Գեղամ Մանուկյանը ցանկացավ արձագանքել՝ նշելով, որ մինչ այս ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ էր իր ելույթին անդրադարձել։
Ա.Քոչարյանն ասաց. «Պարոն Մանուկյան, ես ձեզ ձայն չտվեցի, մի խանգարեք»։
«Թող ձեր ելույթը նվիրված լինի օրենքի նախագծին, ոչ թե իմ ասածներին արձագանքեք:
Ընդհանրապես, սովորություն դարձրեք ելույթներին մի արձագանքեք»,-ասաց Մանուկյանը:
«Պարոն Մանուկյան մի շարունակեք, խանգարում եք իմ ելույթին»,- հակադարձեց Քոչարյանը։
«Չէ, կշարունակեմ»,- ասաց Մանուկյանը։
«Պարոն Մանուկյան, հիմա ես խոսում եմ, դուք աշխատեք լռել և լսել, ես լռել և լսել եմ ձեզ։ Կարգը չի խախտվել: Կարգի խախտման մասին ես ձեզ առանձին հնարավորություն կտամ արտահայտվելու: Էս ի՞նչ բան էր»,– ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ են կանայք ավելի լավ կրակում. բացատրում է Պապիկյանը
- Հայաստանում կանայք 6 ամիս կկարողանան ծառայել Զինված ուժերում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին