Եթե լուրերը ճիշտ են, ապա ՏՏ ոլորտում 20.000 աշխատողների կեսը Հայաստանից չեն. Արթուր Խաչատրյան
«2022 թվականին աննախադեպ աճ ենք ունեցել ՏՏ-ի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, չենք սխալվի, եթե ասենք, որ 1 մլրդ դոլարից ավել է եղել ոլորտի շրջանառությունը»,-ԱԺ Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Նախարարի տեղեկացմամբ՝ ոլորտում աշխատակիցների քանակը 20 հազարից ավել է եղել և կա 4 հազար գործող ընկերություն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «2022 թվականին Հայաստանում գրանցվել է ՀՀ քաղաքացիություն չունեցողների 18800 աշխատատեղ, որից ավելի քան14400-ը եղել է ՌԴ-ից, 300-ական Ուկրաինայից և Բելառուսից: Եթե լուրերը ճիշտ են, որ նրանց մեծ մասը աշխատում է IT ոլորտում, նշանակում է այդ 20000-ի կեսը Հայաստանցի չեն, ինչը բավականին տխուր պատկեր է»:
Նախարարը չհամաձայնեց «տխուր» ձևակերպման հետ, հիմնավորելով, որ օտարերկրյա մասնագետները թարմացրել և մրցակցային են դարձրել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը:
Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ հստակ չէ, թե որ ընկերություններն են համարվում բարձր տեխնոլոգիաների ոլորտի, բայց կան ԵԱՏՄ դասիչներ, որոնցով էլ պետք է հստակեցնեն Հայաստանում գործող ընկերությունների ոլորտայնությունը:
Արթուր խաչատրյանը նախարարից հետաքրքրվեց, թե ինչ վիճակում Հայաստանի գնած արբանյակը և արդյոք արդարացված են նրա գնման ծախսերը:
«2022 թվականին պետք է լիներ ընդունիչ կայանը և կառավարման կենտրոնը: Կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է, բայց քանի որ մենք բացման արարողությունը ուզում ենք անել այն ժամանակ, երբ ընդունիչ կայանը և կառավարման կենտրոնը կլինեն, դրա համար շատ չի շրջանառվում նորությունը, որ այն ամբողջությամբ կահավորված է: Սպասում ենք մոտակա ամիսներին ընդունիչ կայանը կստանանք»,-ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը և հավելեց, որ տեխնիկապես ունեն հնարավորություն սարքավորումներով ուղիղ հրահանգավորել արբանյակը:
Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ իրատեսական չէ մեկ տարվա մեջ ասել, թե արբանյակի ձեռքբերման համար ներդրումն արդարացված են, թե ոչ, բայց վստահեցրեց, որ շուկայական գինը և որակը բավական մրցունակ են եղել:
Հարակից հրապարակումներ`
- Պարզ է՝ բոլոր մարդիկ, ովքեր կուտակումներ ունեն կենսաթոշակային ֆոնդերում, պետք է դժգոհ լինեն. Վահան Քերոբյան
- ՌԴ ՆԳ փոխնախարարի հետ քննարկումների դրական արդյունքների մասին կիրազեկենք. Վահե Ղազարյանը՝ Միհրան Պողոսյանին Հայաստան վերադարձնելու մասին