Հոլիվուդյան որևէ մյուզիքլի չզիջող «ՄուկՕպերա»-ն՝ նվեր երեխաներին Երեխաների պաշտպանության օրը
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 1-ին տեղի կունենա Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերա» երկու գործողությամբ մանկական օպերայի առաջնախաղը: Սա օպերայի ու բալետի թատրոնի, օպերան ստեղծողների ու իրականացնողների նվերն է երեխաներին՝ Երեխաների պաշտպանության օրվա առիթով։
«ՄուկՕպերա»-ն Հայաստանում հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումն է: Ներկայացումը իսկական տոն կլինի փոքրիկ հանդիսատեսի համար՝ հագեցած հիանալի մեղեդիներով, հետաքրքրաշաժ սյուժեով, գունագեղ ու շքեղ հագուստներով:
Լրագրողների հետ հանդիպմանը Քրիստ Մանարյանը, ով օպերայի լիբրետոյի, երաժշտության հեղինակն է, պատմեց, որ իրեն դիմել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ու առաջարկել գրել մանկական օպերա։ Ուրախությամբ համաձայնվել է։
«Ուշ ժամ էր։ Նստեցի ու գրեցի միանգամից։ Այդ գիշերը չեմ քնել ոգևորությունից, ուրախությունից, ստեղծագործական տվայտանքներից։ Շատ կարևոր մի բան՝ Կարեն Դուրգարյանը ինձ տվել էր ազատություն, որի մասին շատ արվեստագետներ երևի կերազեին։ Ազատ եմ եղել, դա ինձ շատ է օգնել, որպեսզի լավ ծավալվեմ, գտնեմ հերոսներին»,- ասաց Ք.Մանարյանը։
Նա պատմեց, որ օպերան մկնիկի մասին է, ում ծննդյան օրն է։ Մկնիկ մայրիկը ցանկանում է նվեր մատուցել մկնիկին։ Խոհանոցում ուտելիք գրեթե չկա, գնում է ցորեն բերի, ալյուր անի, որ տորթ թխի։ Ճանապարհին նրան խանգարում է բուն, որը ճանկում է Մկնիկ մայրիկին։ Մկնիկներին օգնում են ընկերները։ Ամեն ինչ լավ է վերջանում, նույնիսկ կատուն որոշում է այդ օրը չուտել մկնիկին, քանի որ նրա ծննդյան օրն է։ Միայն բուն է խանգարում, սակայն ի վերջո հասկանում է, որ պետք է այդ օրը մի քիչ զիջող լինի։
«Մայրը չգիտի՝ ինչ պետք է անի, բայց մի հրաշք պետք է անի. ծնողն է, իսկ ծնողը նախ և առաջ նշանակում է անձնազոհություն»,- ասաց Ք. Մանարյանը։
Բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյանը նշեց, որ երբեք չէր մտածում՝ Քրիստ Մանարյանը օպերա կգրի, ինքն էլ կբեմադրի։
«Ինձ համար ամենակարևորն այն է, որ վաղը երեխաներին նվեր կունենանք անելու, իսկ երեխաներն ամենապայծառ բանն են, որի համար արժի ստեղծագործել»,- նշեց Ա. Սահակյանը։
Նա շատ կարևորեց այս նախաձեռնությունը, ընդգծեց՝ հենց մանուկ հասակից պետք է երեխաներին սովորեցնել լավ երաժշտություն։
«Այս ժանրին ծանոթացնելու լավ, մեծ քայլ է այս օպերան։ Ակադեմիական արվեստը կարևոր է ճաշակ, քաղաքացի զարգացելու համար»,- ասաց բեմադրող ռեժիսորը։
Ոճաբան Արայիկ Գաբաջյանը նույնպես հրավեր է ստացել մաեստոր Դուրգարյանից։
«Մաեստրոն ասաց՝ ուզում եմ այնպիսի բան, որ հոլիվուդյան որևէ ներկայացման չզիջի։ Դա ինձ շատ ոգևորեց։ Կարծում եմ՝ ստացել ենք այնպիսի գործ՝ հագուստային, սցենարային, երաժշտության առումով, որ չի զիջում միջազգային որևէ նախագծի»,- ասաց Գաբաջյանը։
Արթուր Սահակյանն ասաց, որ մարդ մեծանալով՝ չպետք է կորցնի իր հեքիաթը, քանի որ հենց կորցնում է, սկսում է ապրել հորինված իրականության մեջ, դառնում է տխուր, դժբախտ, պրոբլեմներով լի։
«Մանկական աշխարհը տանում է դեպքի հեքիաթ։ Հեքիաթը չպետք է կորցնես։ Սա մարդու ստեղծած մոլորակն է, աշխարհը։ Հեքիաթն այն մոդելն է, թե ոնց կարող է լինել իրականությունը ու ոնց կարելի է փչացնել»,- ասաց Ա. Սահակյանը։
Քրիստ Մանարյանը շարունակեց. «Հեքիաթներն իրականության մոդելներ են՝ կոդավորված»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան