Հունգարիայի փոխվարչապետը Հայաստանում է, սպասվում է ԱԳ նախարարի այցը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին: Նա ողջունել է Հունգարիայի փոխվարչապետի այցը մեր երկիր և գոհունակություն հայտնել երկար դադարից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կապակցությամբ:
Կառավարությունից հայտնում են՝ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում Հայաստանն ու Հունգարիան կկարողանան բաց թողնվածը լրացնել: Վարչապետը նկատել է, որ ՀՀ-ում Հունգարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին, այժմ տեղի է ունենում պարոն Շեյմենի այցը, իսկ առաջիկայում սպասվում է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս ամենը վկայում է երկկողմ փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու փոխադարձ ցանկության մասին: Հայ-հունգարական կապերի ամրապնդումը Փաշինյանը կարևորել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցության համատեքստում:
Ժոլտ Շեյմենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Նիկոլ Փաշինյանին փոխանցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ողջույնները: Պարոն Շեյմենը ևս կարևորել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն ու ընդգծել Հունգարիայի կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու գործակցությունը Հայաստանի հետ: Այդ առումով, նա շեշտել է Հունգարիայի համայնքի կարևոր դերը:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հունգարական կառավարությանը՝ այդ երկրում հայկական մշակութային ժառանգության պահպանման և հոգատար վերաբերմունքի համար:
Կողմերն ընդգծել են տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Այդ առումով, կարևորվել են Երևանի և Բուդապեշտի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնմանն ուղղված քայլերը: Ժոլտ Շեյմենն իր հերթին տեղեկացրել է, որ Հունգարիայի կառավարությունը հայ ուսանողների համար նախաձեռնել է կրթաթոշակի ծրագիր:
Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային նշանակության տարբեր հարցերի:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ դրա հետևանքով տեղի հայությունն ապրում է հումանիտար ճգնաժամ: Նա արձանագրել է, որ ադրբեջանական կողմը դադարեցրել է Հայաստանից ԼՂ մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները, իսկ սնունդ տեղափոխվում է միայն խաղաղապահների միջոցով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո Բուդապեշտում առաջին անգամ Ցեղասպանությանը նվիրված միջոցառում է անցկացվել
- Առաջիկայում Հայաստանն ու Հունգարիան կհայտարարեն երկու երկրներում դեսպաններ նշանակելու մասին. Միրզոյան
- Իսկ Հունգարիայում որքանով է անվտանգ եղել Նազելի Վարդանյանի աշխատանքը
- Հունգարիա է գործուղվել ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ