Վարդան Ոսկանյան. Իրանը պատրաստակամ է օժանդակելու նաև Արցախին և արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծմանը
«Ադրբեջանական կողմից անմտություն կլինի Իրանի դեմ բաց առճակատման գնալը, դա կնշանակի Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ուղղակի վախճան»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, իրանցիները շատ հաճախ գործում են ոչ այն տրամաբանությամբ, որը, թվում է, թե ավելի ընկալելի է։
«Իրանական հարվածն Ադրբեջանին կլինի չափազանց ուժգին և այդ հարվածը չի լինի միայն սահմանային հատվածում, կլինի Ադրբեջանի կենսական նշանակության անխտիր բոլոր օբյեկտների խոցում։ Հետևաբար, այս համատեքստում, կարծում եմ, Բաքվի բռնապետը չի գնա նման գործողության»,- ասաց իրանագետը։
Վ.Ոսկանյանը նշեց, որ Բաքվի բռնապետական վարչախմբից հնչող ուղերձներից ակնհայտ է այն վախը, որը կա Իրանի նկատմամբ․ «Այո, Բաքվի բռնապետը փորձում է իրեն ի ցույց դնել «համարձակ կառավարչի դերում», բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանից պարբերաբար խոսում են այն մասին, որ Ադրբեջանը որևէ պարագայում չի դառնալու պլացդարմ Իսրայելի հարձակման, այլ պետությունների հակաիրանական գործողությունների պարագայում։ Մինչդեռ այդ պետությունն իրականում հենց այդպիսի հարթակ է, հենց այդպիսի պլացդարմ է, սակայն բարձաձայնելն այդ մասին արդեն առաջացնում է զգալի վախեր»։
Նա ասաց, որ իրանցիները մեր տարածաշրջանում մի քանի հազարամյակի կայսերական պետականության ավանդույթ ունեն, հետևաբար այս համատեքստում նրանք շատ լավ հասկանում են, որ դիվանագիտական մակարդակի հայտարարությունները դեռևս արժանահավատ չեն և Ադրբեջանը, ի ցույց չդնելով իր հիմնական նպատակները, ծառայում է իրականում որպես հակաիրանական պլացդարմ։
«Այս տիրույթում մենք տարածաշրջանում ունենք նաև դաշնակից պետություն։ Այդ դաշնակցային հարաբերությունները փաստաթղթավորված չեն, բայց իրականում ակնհայտ է, որ Հայաստանի և Իրանի շահերը, իրենց խոշոր հատվածով, համընկնում են։ Խոսքը վերաբերում է թե Հայաստանի անվտանգությանը, թե Արցախի անվտանգությանը, որի մասին իրանցիները բարձրաձայն չեն խոսում, բայց իրանական կողմը, կարող եմ վստահաբար պնդել, նաև իրանցի փորձագետների հետ շփումների արդյունք են դրանք, պատրաստակամ է օժանդակելու նաև Արցախին և արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծմանը։ Հետևաբար, կարծում եմ, մեծ շռայլություն կլինի չօգտվել այս հարաբերությունների դրական զարգացումներից»,- ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բարեկամը, որը չի կարող օգուտ բերել և թշնամին, որը չի կարող վնասել, նույն արժեքն ունեն. Էբրահիմ Մոթաղի
- Եկվորները փորձում են յուրացնել բնիկների ոչ միայն մշակույթը, այլև տարածքներն ու տեղանունները. Ռուբեն Մելքոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան