Վերջին տարիներին Հայաստանում ավելացել է ծխող կանանց և դեռահասների թիվը
Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս մահացության ընդհանուր կառուցվածքում հիմնական բեռը բաժին է ընկնում ոչ վաչակիչ հիվանդություններին, որոնցից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, ապա` չարորակ նորագոյացությունները։ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսում ասաց սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար։
Տաթևիկ Հովակիմյանը նշեց, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի կողմից արված հետազոտության համաձայն՝ Հայաստանում սրտի բաց վիրահատություն ունեցած հիվանդների 70%-ից ավելին օգտագործել է ծխախոտ։ Ըստ նրա՝ վերջին տարիներին մեր երկրում ավելացել է նաև ծխող կանանց և դեռահասների թիվը։
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ սրտի բաց վիրահատություններից, ստենտավորումից հետո թեև պացիենտների մի զգալի մաս թողնում է ծխելը, սակայն մոտ 6 ամիս հետո մոտ 50%-ը սկսում է նորից ծխել»,- ասաց նա։
ԱՆ կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը նշեց, որ նիկոտինային կախվածությունը համարվում է հոգեկան և վարքային խանգարում․ «Կարելի է ասել, որ նիկոտինային կախվածությունը հիվանդություն է»։
Ըստ նրա՝ Հայաստանում Առողջապահության նախարարությունն ունի ծխելը դադարեցնելու թեժ գիծ (060 440001), և հոգեբան-խորհրդատուն աջակցություն է տրամադրում զանգահարողին: Նրա խոսքով՝ զանգերը բավականին շատ են՝ օրական 7-8 զանգ:
«Արդյունքները գոհացուցիչ են, քանի որ միայն խորհրդատվության միջոցով ծխելը դադարեցնողների քանակը 50 տոկոս է: Իսկ այն մարդիկ, որոնք չեն կարողանում հրաժարվել ծխախոտից, առաջարկվում է այցելել Կախվածությունների բուժման ազգային կենտրոն: Նրանց առաջին հերթին տրամադրվում է հոգեբանի խորհրդատվություն, իսկ եթե այն բավարար չէ, նշանակվում է դեղորայքային բուժում: Ես այն կարծիքին եմ, որ բավարար կամքի և մոտիվացիայի պարագայում ցանկացած մարդ, իհարկե, որոշակի դժվարություններով, կարող է դադարեցնել ծխելը»,- ընդգծեց Սուրեն Նազինյանը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, Նաիրա Ջանոյանն էլ նշեց՝ ցավալի է, երբ դեռահասներն են սկսում ծխել, քանի որ որքան ավելի վաղ է մարդը սկսում ծխել, այնքան ավելի մեծանում է թոքի քաղցկեղի ռիսկը:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ ծխող տղամարդկանց շուրջ 80 տոկոսի մոտ առաջանում է թոքի քաղցկեղ, իսկ կանանց՝ 50 տոկոսի մոտ:
«Եթե ծխում է ընտանիքի անդամներից մեկ, մյուսները, որոնք համարվում են պասիվ ծխողներ, ևս շնչում են այդ ծուխ, ինչը պակաս վտանգավոր չէ։ Ոչ բոլորն են դուրս գալիս պատշգամբում ծխում, արդյունքում՝ ծխող մարդու ընտանիքի անդամները ևս թունավորվում են: Այդ նյութը նստում է մարդու շնչառական ուղիներում, որը մեծացնում է թոքի, բերանի խոռոչի, ինչպես նաև միզապարկի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը»,- նշեց Նաիրա Ջանոյանը՝ հավելելով, որ ծխելու դեմ պայքարը պետք է տարվի փոքր տարիքից՝ սկսած մանկապարտեզներից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան