Երևի թուլամորթ եմ. Քաղաքացիները՝ ծխելու պատճառների ու հետևանքների մասին
Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար:
Panorama.am-ը քաղաքացիների շրջանում անցկացրեց հարցում՝ արդյո՞ք տեղյակ են ծխելու վտանգավոր հետևանքների և ծխախոտից կախվածության մասին։
Հարցվողներից շատերը գիտեն, թե ինչ վնասակար ազդեցություն կարող է ունենալ ծխելը, սակայն դրանից հրաժարվել չեն պատրաստվում։
«Գիտեմ հետևանքերը, բայց ոչինչ չեմ կարող փոխել, երևի թուլամորթ եմ»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ վստահ է, որ կայուն արժեհամակարգ ունեցող մարդը չի ծխի և չի թունավորի իր ու շրջապատի առողջությունը։
«Իմ կյանքի փորձով, իմ տարիքով, ես շատերին եմ խորհուրդ տալիս՝ չծխել, բայց ապարդյուն, քանի որ եթե կյանքի նկատմամբ, արժեքների նկատմամբ գնահատանք չկա, դժվար է, ինչ ուզում ես ասա»,-նշեց նա։
«Եթե մարդու օրգանիզմը հակված չի ընդունելու էդ վատ բաները, ոչ մի սիգարետ, մանավանդ հիմիկվանները, չեն կարող վնասել»,-ասաց հարցվողներից մեկը։
Երիտասարդները ևս գիտեին ծխախոտի բացասական հետևանքների մասին, նույնիսկ, պասիվ ծխի պարագայում։
«Տեղյակ եմ, որ ինքս էլ համարվում եմ պասիվ ծխող, քանի որ հայրս ծխում է տանը, բայց աշխատում է ծխել առանձին սենյակում, կամ պատուհանի մոտ։ Ինձ մոտ ծխողներին խնդրում եմ չծխել, որպեսզի այդ բացասական էֆեկտները իմ վրա չտարածվեն»,-ասաց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։