Եթե ադրբեջանական զորքերը դուրս չգան մեր տարածքից, մենք էլ դուրս չենք գա իրենց տարածքից. Ալեն Սիմոնյան
«Կարևոր եմ համարում, որ խաղաղության պայմանագրից հետո երաշխիքներ լինեն»,- ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափ առնվազն խախտված են ու այն երաշխավորը, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում», - նշեց նա:
Ա.Սիմոնյանն ասաց, որ բոլոր այն կենտրոնները, որտեղ տեղի են ունենում բանակցություններ, պատրաստ են դառնալ երաշխավոր և կարևոր է, որ լինի այնպիսի երաշխավոր, որը հետամուտ լինի պայմանավորվածության պահպանմանը, որը ձեռք կբերվի. «Նոյեմբերի 9-ի հայտարարության պահպանումն անձամբ ինձ չի բավարարում ու վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդին էլ չի բավարարում մեր գործընկերների հայտարարությունը, պահվածքը։
Մենք ունենք նոյեմբերի 9-ի փորձը և նույն սխալները չենք անելու։ Ես որևիցե մեկին նկատի չունեմ, նկատի ունեմ երաշխավորման մեխանիզմներն ավելի հստակ պետք է ձևակերպված լինեն։
Վստահեցնում եմ՝ թե Եվրամիությունը, թե ԱՄՆ-ն , թե Ռուսաստանը պատրաստ են հանդիսանալ խաղաղության պայմանագրի կնքման երաշխավոր, բայց մենք պետք է ընտրենք հնարավորինս ավելի պինդ մեխանիզմ»։
Ինչ վերաբերում են Ադրբեջանի կողմից գրավված հայկական տարածքներին, նա ասաց. «Կան գյուղեր, տարածքեր, որոնք հայկական վերահսկողության տակ են, մենք, բնական է, դրանց մասին չենք խոսում և կան Հայաստանի ինքնիշխան տարածքից մասեր, որոնք գտնվում են գրավյալ տարածքներում, եթե չեմ սխալվում 150 քառակուսի կիլոմետր է։
Բնական է՝ պետք է տեղի ունենա զորքերի հետքաշում։ Այն, ինչը դեմարկացիայից, դելիմիտացիայից հետո քարտեզների հիման վրա կլինի ՀՀ տարածքում, ադրբեջանական զորքերը դուրս պետք է գան, և դուրս կգան, իսկ այն, ինչը Ադրբեջանի տարածքից է, բնական է, հայկական զորքերը հետ կքաշվեն։
Բացառվում է 29 հազար 800 քառակուս կիլոմետրից դուրս, ավելի, պակաս խաղաղության պայմանագիր կնքվի։
Եթե ադրբեջանական զորքերը դուրս չեն գա, մենք էլ դուրս չենք գա այն տարածքից, որտեղ հիմա մեր զորքերն են կանգնած, որովհետև, ինչպես ասացի, կան ինչ-որ մասեր, որոնք Հայաստանի տիրապետության տակ են»։
Նա նշեց, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. «Այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը թույլ չենք տա։ Ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան՝ մեզ համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին