Հունգարիայում գործող հայկական եկեղեցին ստացել է պետական գրանցում․ Հունգարիայի փոխվարչապետ
Հունիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։
«Հանդիպմանը ներկա էին նաև Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Աննա Մարիա Շիկոն։
Զրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը՝ Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն հայ-հունգարական կապերի և համագործակցության առավել արդյունավորման ուղղությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս փոխվարչապետի իր գնահատանքը հայտնել է Հունգարիայի իշխանություններին հայկական համայնքին ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքներին աջակցության համար։
Հանդիպմանը Հայոց Հովվապետն մտահոգությամբ անդրադարձ է կատարել Հայաստանի ինքնիշխան տարածքների և Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակական ոտնձգություններին՝ կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված՝ միջազգային կառույցների հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը։ Նորին Սրբությունն այս կապակցությամբ իր երախտագիտությունն է հայտնել Հունգարիայի իշխաննություններին հինգ հայ ռազմագերիների հայրենադարձման հարցում ներդրած միջնորդական ջանքերի համար։
Իր հերթին փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը խոսել է հայ-հունգարական դիվանագիտական կապերի վերականգնման կարևորության մասին։ Փոխվարչապետը հավաստիացրել է Հայոց Հայրապետին, որ Հունգարիայի իշխանությունները շարունակելու են իրենց աջակցությունը Հունգարիայի հայ համայնքին և հայոց եկեղեցուն, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքներին։ Պրն․ Շեմյենը Վեհափառ Հայրապետին նաև տեղեկացրել է, որ Հունգարիայում գործող հայկական եկեղեցին ստացել է պետական գրանցում։
Պրն․ Ժոլտ Շեմյենը կատարել է նաև մեկ այլ պարտականություն՝ Ամենայն Հայոց Հայրապետին հանձնելով Բուդապեշտի Կարոլի Գաշփար համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը։
Հանդիպմանը նաև խոսվել է միջեկեղեցական հարաբերությունների, ինչպես նաև Հունգարիայի հայ համայնքի կյանքի մասին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա