Քաղաքապետարանում 9-րդ դասարանի աշակերտ Նարեկ Ղարաջյանն առաջարկներ հնչեցրեց, որոնց իրականացումը կլավացնեն կյանքի որակը
Երևանի Ն. Խաչատրյանի անվան հ.113 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Նարեկ Ղարաջյանը «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով միջոցառման շրջանակում Երևանի ավագանու անդամներից մեկն էր ու հարցեր բարձրացրեց Երևանի, մասնավորապես Հաղթանակ թաղամասի մասին, որտեղ բնակվում է նա։
Նարեկը նախ խոսեց երեխաներին հուզող ամենակարևոր խնդրի մասին՝ փողոցում խաղալ չկարողանալուց, քանի որ այն ասֆալտապատ չէ, քարքարոտ է։
«Տարիներ շարունակ քաղաքային իշխանություններին ուղղված մեր, հարևանների նամակներն անպատասխան են մնացել։ Մինչ պաշտոնյաները զբաղված էին «ավելի կարևոր» գործերով, մենք՝ երեխաներս, մեր ծանր հեծանիվները գրկած անցնում էինք մի քանի հարյուր մետր, մինչև հասնեինք ասֆալտապատ փողոց ու անվտանգ վարեինք։ Առաջարկում եմ օր առաջ համայնքային բյուջեից գումար տրամադրել փողոցում նախ կոյուղատար անցկացնելու, ապա ասֆալտապատելու համար։
Կարծում եմ՝ բավարար միջոցներ կան։ Նույնիսկ եթե չկան, ասֆալտապատումն անհրաժեշտություն է, քանի որ բացասաբար է ազդում բնակիչների կյանքի որակի, առողջության, անվտանգության վրա»,- ասաց Նարեկը։
Նա նաև ուշադրություն հրավիրեց թաղամասում փոշու մեծ քանակության վրա, առաջարկեց վերահսկողություն սահմանել կառուցապատողների նկատմամբ, որպեսզի մյուսները չտուժեն, առաջարկեց կանաչապատել տարածքը։
«Այս ու այլ խնդիրները բարդացնում են մեր կյանքը, վնասում առողջությունը, մարդուն նյարդային դարձնում։ Հաղթանակ թաղամասը միայն մեկ օրինակ է, այս խնդիրները վերաբերում են նաև Երևանի այլ ծայրամասային թաղամասերին։ Սրանք փոփոխություններ են, որոնք կլավացնեն մեր կյանքի որակը։
Ճիշտ է՝ նախընտրական խոստումի պես հնչեց, բայց դեռ չեմ պատրաստվում քաղաքապետ դառնալ։
Իմ համոզմամբ՝ ցանկացած փոփոխություն պետք է արվի մարդու կյանքի որակը բարձրացնելու, այն հեշտացնելու, անվտանգ դարձնելու, հոգսը թեթևացնելու, ժպիտ պարգևելու համար»,- ասաց Նարեկ։
Նիստը վարող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ծափահարել Նարեկ Ղարաջյանին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են