Կարգավորումները բերել էին խարդախությունների, երբ որոշակի փաստաթղթերի կեղծմամբ գումարն այլ հաշիվներին էր փոխանցվում. Բադասյան
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ էինք կատարել, որոնց նպատակն էր կարգավորել թե՛ հարկ վճարողի միասնական հաշվից ո՞ր դեպքերում է, որ իր հարկային մարմնում նշված բանկային հաշվից տարբերվող հաշվին գումար է փոխանցվում և այս ենթաօրենսդրական ակտով կարգավորում ենք այդ դեպքերը»,-կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ զեկուցելով կառավարության համապատասխան որոշումը:
Նրա խոսքով՝ նախկին կարգավորումներով հարկ վճարողը կարող էր ցանկացած այլ բանկային հաշիվ նշել, որպեսզի միասնական հաշվից գումարի փոխանցումը կատարվեր:
«Այն բերել էր խարդախությունների մի շարք դեպքերի, երբ որոշակի փաստաթղթերի կեղծման արդյունքում գումարը իրավաբանական անձի աշխատակցի կողմից այլ հաշիվներին էր փոխանցվում և թե՛ պետությանն էր վնաս պատճառում, թե՛ տվյալ իրավաբանական անձին»,-ասաց ՊԵԿ նախագահը և հավելեց. «Ըստ փոփոխությունների՝ սահմանել ենք, թե որ դեպքերում հարկային մարմին ներկայացված իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվի կարող են փոխանցել»:
Բադասյանը տեղեկացրեց, որ ընդունվող որոշմամբ նման փոխանցում կարող է արվել վերակազմակերպման դեպում, երբ իրավահաջորդի բանկային հաշվին կարող են փոխանցվել գումարները, ինչպես նաև կազմակերպության լուծարման դեպքում, անհատ ձեռնարկատերի և նոտարի դեպում էլ իրենց կարգավիճակը կորցնելոուց հետո որպես ֆիզիկական անձ իրենց հաշիվներին փոխանցելիս և պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում համապատասխան գանձապետական հաշիվներին: