«Փաստ». Արդեն իսկ մոտ 400 հազար ստորագրություն է հավաքվել
«Փաստ» թերթը գրում է.
«Բավական մեծ թափով շարունակվում է «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» և «Ո՛չ Արցախն Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքը, որն անցկացվել է Երևանում, Արարատում, Մասիսում, Արցախում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն իսկ հավաքվել է մոտ 400 հազար ստորագրություն։ Այսօրվանից ստորագրահավաքի գործընթացը մեկնարկելու է ՀՀ բոլոր մարզերում, ի մասնավորի՝ խոշոր համայնքներում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ստորագրահավաքի ու նման այլ նախաձեռնությունների թեման լուրջ անհանգստություն է առաջացրել իշխանությունների շրջանում, քանի որ առաջին հերթին դրանցով պարզ է դառնում մեր հանրության իրական վերաբերմունքը Արցախի խնդրին: Հենց դրանով է պայմանավորված, որ թե՛ պատգամավորների միջոցով, թե՛ հատկապես մարզերում փորձում են տիրաժավորել Արցախի հարցով հնարավոր հանրաքվե անցկացնելու թեզը:
Այսինքն, մարդկանց «լսացնում» են, թե իբր անիմաստ է միանալ նման ստորագրահավաքներին, թե իբր երբ ժամանակը գա, հաշվի կառնեն ժողովրդի կարծիքը: Իրականում, հանրաքվեի թեման գոնե այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի օրակարգում չկա, ինչի մասին նա, ի դեպ, վերջերս նաև ակնարկել է: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս առումով ՔՊ-ում ևս տարբեր կարծիքներ կան. այստեղ ևս շատերը հստակ գիտակցում են, որ հայ ժողովուրդն Արցախն Ադրբեջանին հանձնելու իրենց ծրագրերին հավանություն չի տա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան