Ամերիկյան մամուլ. «Ի՞նչ է նշանակում վերընտրված Էրդողանի 5 տարին Արևմուտքի համար»
Ամերիկյան մամուլը և լրատվամիջոցները շարունակում են վերլուծական հոդվածներ հրապարակել Էրդողանի վերընտրման վերաբերյալ։ Նրանք փորձում են հասկանալ, թե ի վերջո ի՞նչ է նշանակում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելը արևմտյան երկրների համար։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, թուրքական մամուլն էլ իր հերթին ակտիվ արձագանքում է ամերիկյան հրապարակումներին՝ նշելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած անկախ քաղաքականությունն անհանգստացնում է ամերիկյան կողմին և նրանք սկանդալային հրապարակումներով և վերլուծություններով են հանդես գալիս։
Մասնավորապես ամերիկյան «Newsweek» ամսագիրը հոդված է հրապարակել՝ «Ի՞նչ է նշանակում Թուրքիայում Էրդողանի 5 տարին Արևմուտքի համար» վերնագրով։
Ընդգծելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հակաամերիկյան հռետորաբանությունը՝ հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի ամենակարևոր ռազմավարական դաշնակցի՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակը նշանակում է ավելի քաոսային հարաբերություններ ԱՄՆ և Թուրքիայի միջև։
Անդրադառնալով Թուրքիայի և Ռուսաստանի միջև խորացող հարաբերություններին՝ վերլուծության մեջ ասվում է. «Էրդողանի հաղթանակը նշանակում է, որ Թուրքիան կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ, որը ՆԱՏՕ-ի անվտանգության ամենամեծ խնդիրն է»։
«CNN International» լրատվական գործակալությունն էլ անդրադարձել է Էրդողանի առաջիկա թիրախներին։
Ըստ հրապարակման՝ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Էրդողանը մտադիր է «հետ վերցնել Ստամբուլը», քանի որ այն ռազմավարական և տնտեսական առումով մեծ նշանակություն ունի և Էրդողանի համար, որպես իր ծննդավայր, նաև անձնական տեսանկյունից մեծ կարևորություն ունի Ստամբուլում հաղթանակ տանելը։
Նշենք, որ Ստամբուլի գործող քաղաքապետը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Էքրեմ Իմամօղլուն է։ Քաղաքապետի նոր ընտրությունները կանցկացվեն 2024-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան