Կայացավ «Հիշողություններ պատերազմից» ինքնակենսագրական պատումի և «44 օր. օրագիր անտեսանելի պատերազմից» պատերազմական օրագրի շնորհանդեսը
Հայաստանի ազգային գրադարանը և Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը համատեղ երեք գրքերի շնորհանդես-քննարկում էին կազմակերպել Ազգային գրադարանում։
Լուսինե Աբգարյանի «Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում, ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը» գիտական ուսումնասիության հիմնահարցերի շրջանակում ներկայացվել են Բրյուսովի համալսարանի շրջանավարտ, 44-օրյա պատերազմի մասնակից Տիգրան Գասպարյանի «Հիշողություններ պատերազմից» ինքնակենսագրական պատումը և գրող, լրագրող Լիկա Զաքարյանի «44 օր. օրագիր անտեսանելի պատերազմից» պատերազմական օրագիրը։
Լիկա Զաքարյանը պատմել է, որ 44-օրյայի ամբողջ ընթացքում Ստեփանակերտում, ռմբապաստարանում շարադրել է իր ապրումները, խորհրդածությունները, իր միջով անցկացրել տեղի ունեցող իրադարձությունները։ Նա նշել է, թե իր օրագրությունն այնքան անձնականացված է եղել՝ գրված ամեն օր վերջին օրվա զգացողությամբ, ապրողի անկեղծությամբ, որ հետագայում, երբ առիթ է ունեցել այն թարգմանելու անգլերեն, ինքն իրեն պախարակել է այդքան բաց գրելու համար։ Զաքարյանն ընդգծել է, որ իր համար անչափ ծանր է օրագիրը վերընթերցելն ու այդ օրերի արհավիրքը վերապրելը։
Տիգրան Գասպարյանն ականատեսի իր վկայությունները շարադրել է մի շնչով։ Ի տարբերություն Լիկայի, նա իր գիրքը որերորդ անգամ ընթերցելուց հետո արդեն որպես ուրիշի ստեղծագործություն է ընկալում։
Լուսինե Աբգարյանի «Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում, ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը» գրքում հեղինակը քննության է առել ծագումով հայ և ֆրանսիացի քսանից ավելի հեղինակների երկերը:
«Այլոց ողբերգությունն արտահայտելու գրականություն»,- նշել է հեղինակը։
Լուսինե Աբգարյանը հանգամանորեն ներկայացրել է նաև տարբեր ոլորտների՝ պատմաբաններ Ռեյմոն Գևորգյանի, Թաներ Աքչամի, Իվ Տերնոնի, հոգեվերլուծաբաններ Ժանին Ալթունյանի, Հելեն Փիրալյանի, գրականագետներ Կաթրին Կոքիոյի, Մարիան Հիրշի թեմային նվիրված տեսական դրույթները:
Գրքի առաջին մասը՝ «Ցեղասպանության «ուրվականը». հիշողության հիշողությունը. վկայության, հետհիշողության և պատումի խաչմերուկում» վերնագրով, անդրադարձ է «ճակատագրական ժառանգականությանը, որով, առանց իրենց իսկ ցանկության, վերապրողների սերունդներն առնչվում են իրենց ծնողների/նախնիների պատմական հոգեցնցմանը:
Գրքի երկրորդ՝ «Պատմության, ֆիկցիայի և հանձնառության խաչմերուկում» մասում մենք հայտնվում ենք Պատմության՝ իրական անցյալի և ֆիկցիոնալ աշխարհների խաչմերուկում: Պատմական անցյալը ներկայացնելը սերտորեն առնչվում է ֆիկցիային, իսկ այս վերջինն իր կանոնների միջոցով փորձում է հնարավորինս մոտենալ անցյալին: Այս մասում հեղինակը կենտրոնանում է վեց երկերի վերլուծության վրա, որոնց հեղինակներից երեքը ֆրանսիացի, երեքը՝ ծագումով հայ ֆրանսագիր արձակագիրներ են:
Ուսումնասիրության երրորդ՝ «Պատկերապատումը և Ցեղասպանությունը» մասում Լուսինե Աբգարյանը անդրադառնում է գրաֆիկական պատումին՝ լուսանկարչությանը, ցեղասպանության թեմայի արվեստի լեզվով մատուցմանը՝ կինոյին և երաժշտությանը:
«Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում, ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը» գիրքը լույս է ընծայվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի ազգային գրադարանի կողմից համակարգվող դրամաշնորհային ծրագրով, «Անկյունաքար» հրատարակչությունում: Գրքի տպագրությանն աջակցել են նաև Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիան (NAASR) և SPFA-ն՝ Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի «Օժանդակություն տպագրությանը» ծրագրով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան