Արցախցի երեխաները զրկված են տաք կացարաններից, անհրաժեշտ սննդամթերքի առկայությունից, կրթության իրավունքի լիարժեք իրացումից
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ.
«Իմ սիրելի΄ փոքրիկ բարեկամներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Այսօր դուք այն դիմավորում եք անասելի ծանր պայմաններում,երբ ձեր հայրենիքը վտանգված է, ու մեծերի մտահոգություններն ու հոգսերը կամա-ակամա փոխանցվում են ձեզ:
Գիտենք, շրջափակման մեջ գտնվելով, դուք զրկված եք տարրական իրավունքներից. տաք կացարաններից, ձեզ անհրաժեշտ սննդամթերքի առկայությունից, կրթության իրավունքի լիարժեք իրացումից: Սակայն այս ամենի պատճառած տխրության կողքին՝ ձեր փոքրիկ աչուկներում պայքարի ոգին է, հայրենիքում ապրելու տենչանքն ու կամքը,որի իրացման ծանրությունը մեծերի ուսին է:
Այս տոնական օրը, ուզում եմ հավաստիացնել, որ կանենք մեզնից կախված ամեն-ինչ ձեր անհոգ մանկությունը ապահովելու ու ձեր բաժին հայրենիքը ամեն գնով պահելու համար:
Դուք եք մեր ապագան, Արցախ աշխարհի լուսավոր գալիքը: Ու թող այն,ի հեճուկս բոլոր դժվարությունների,պայծառ լինի:Աստծո աջը ձեզ հովանի»։