«Ժողովուրդ». Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազի հետ քննարկել է նաև 1 տոննա հերոինի հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վրաստանում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դատախազությունից հետքրքրվեց՝ արդյոք հանդիպման ժամանակ Աննա Վարդապետյանը քննարկել է Հայաստան ներմուծված 1 տոննա Հերոինի հարցը, և ինչ արդյունքներ կան:
Դատախազությունից ժլատ գտնվեցին ինֆորմացիա տալու հարցում և հայտնեցին միայն, թե հրապարակման ենթակա տեղեկությունը պաշտոնական հաղորդագրությունում ներկայացված է: Իսկ ի՞նչ է ասված պաշտոնական հաղորդագրության մեջ. «Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազների հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությանը և ընդգծվել, որ երկու երկրների դատախազությունների միջև բարձր մակարդակի հարաբերությունները թույլ են տալիս աշխատանքային կարգով քննարկել ծագած հարցերը և գտնել առկա մարտահրավերների՝ երկուստեք ընդունելի լուծումներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022 թվականին երկու երկրների դատախազությունների միջև կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրին, և քննարկվել դրա շրջանակում աշխատանքային ծրագիր մշակելու և ստորագրելու հնարավորությունը: Նշված ծրագիրը կներառի այնպիսի արդիական ուղղություններ, ինչպիսիք են կիբեռ և կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը»:
Դատելով իրավիճակից՝ Աննա Վարդապետյանը 1 տոննա Հերոինի հարցը Վրաստանի դատախազի մոտ բարձրացրել է, քանի որ 1 տոննա թմրանյութը, ըստ ԱԱԾ-ի, Հայաստանում մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով է Հայաստանի Հանրապետություն ներմուծվել, որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Իսկ թե ինչ է հայտնաբերվել, ինչպես է Հերոինը հայտնվել ներմուծված բանանի մեջ, շարունակում է գաղտնի մնալ: Պետական կառույցները, նաև դատախազությունը ոչինչ չեն ասում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան