Կառավարությունը հաստատել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիրը
Կառավարությունն այսօր հաստատել է «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» համաձայնագրի հաստատման նպատակահարմարության մասին որոշումը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն 1995 թվականից համագործակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի հետ:
1997 թվականի սեպտեմբերի 30-ին ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի միջև ստորագրվել է Համաձայնագիր՝ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագիրը վերաստորագրվել է 2007 և 2017 թվականներին։
Նշված Համաձայնագրի շրջանակներում Հայաստանը ստացել է աջակցություն անձնակազմի պատրաստում և վերապատրաստման, փորձագիտական աջակցության (ԱԷԿ-ի անվտանգության գնահատումներ և վերլուծություններ, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում), ԱԷԿ-ի աշխատած վառելիքի չոր պահեստարանի անվտանգության գնահատման և լիցենզավորման, ատոմակայի անվտանգության հավանականային վերլուծության, ժամանակակից սարքերի և սարքավորումների տրամադրման, Հայաստանում իոնացնող ճառագայթման աղբյուրների գույքագրման, գրանցման և ազգային ռեգիստրի մշակման հարցերում:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» Համաձայնագիրը։
Նոր Համաձայնագրով, նախորդ համաձայնագրերով ամրագրված ուղղություններից բացի, ընդլայնվում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։
Համաձայնագիրը կազմված է 4 բաժնից՝ (իրենց ենթաբաժիններով) և մեկ հավելվածից: Նոր Համաձայնագիրը կնպաստի անվտանգության հարցերով առաջադեմ փորձի ու գիտելիքների փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։
Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, անձնակազմի ունակությունների ու կարողությունների զարգացմանը, որը կնպաստի ԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։
Համաձայնագրով ստացված գիտատեխնիկական աջակցությունը կնպաստի ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի չտարածման երաշխիքների իրականացման, ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակման համար։
Համաձայնագրի հաստատումը նպատակահարմար է Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի հետագա զարգացման համար»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր հաստատեց Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը
- Կառավարությունը 4.4 մլրդ դրամ հատկացրեց 15.1 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար
- Կառավարությունը թմրամիջոց և հոգեմետ նյութ օգտագործած ոստիկաններին թույլ չի տա մասնակցել հավելավճար ստանալու ատեստացիաներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան