Շարունակվում է Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային ծրագիրը
Սոնա Մնացականյանի անվան կին տաղանդների կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2022թվականին` նպատակ ունենալով աջակցել Հայաստանում ու Արցախում գիտությամբ ու տեխնոլոգիաներով զբաղվող աղջիկներին։ Կրթաթոշակը կրում է 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ Լեոյի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված տաղանդավոր երիտասարդ հայուհու՝ Սոնա Մնացականյանի անունը՝ շարունակել համար նրա գործն ու աջակցելու նրան մտահոգող խնդիրների լուծմանը: Դրամահավաքը իրականացվում է reArmenia հարթակում հետևյալ հղումով։
Կրթաթոշակային ծրագիրը նախաձեռնել է Սեդա Պապոյանը՝ Սոնայի ընկերուհին և FemInno / Girls in Tech Armenia-ի հիմնադիրը, և լայն աջակցություն է ստացել Սոնայի ընտանիքի ու ընկերների կողմից: 2022 թվականին՝ կրթաթոշակային ծրագրի առաջին տարվա ընթացքում, 10 վառ տաղանդներ պարգեւատրվեցին FemInno կոնֆերանսի շրջանակներում։
«Ինձ համար շատ կարևոր էր տեսնել, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր կարեւորում ու խրախուսում են կանանց ու աղջիկների մասնակցությունը STEM ոլորտում, ինչը մեզ ավելի պատասխանատու է դարձնում հնարավորինս մեծ գործեր անել։ Իսկապես մեծ գործեր պիտի սպասեք մեզանից» - նշում է կրթաթոշակին արժանացած աղջիկներից մեկը՝ Անի Պետրոսյանը, ով այժմ տվյալագիտություն ու արհեստական բանականություն է ուսումնասիրում է Փենսիլվանիայի համալսարանում։
«Այս կրթաթոշակն ինձ հնարավորություն տվեց օգտագործել Գերմանիայում ուսանելու իմ հնարավորությունը ու գնալ իմ երազանքի հետևից, քանի որ այլապես ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված էի հրաժարվել», - ասում է մեկ այլ կրթաթոշակառու՝ Մերի Գրիգորյանը, ով այժմ համակարգչային գիտություն և տվյալագիտություն է ուսումնասիրում Բրեմենի Յակոբս համալսարանում։
Սոնա Մնացականյանը բացառիկ տաղանդավոր կին էր, ում համար կարևոր էր Հայաստանին վերաբերող ամեն բան։ Նա օգնում էր ամեն կարիքավորի ու հնարավոր ամեն տեղ փոփոխություն բերում: Նրա կյանքի ուղին և հրաշալի ծրագրերը ողբերգական պատահարի արդյունքում ընդհատվեցին՝ իր հետ տանելով դեռևս չծնված Արիային։ Այժմ հատուկ առաքելություն է դարձել հետևել Սոնայի իմաստությանը և օգնել իրագործել նրա երազանքները, որոնք կապված էին Հայաստանի, գիտության, տեխնոլոգիայի և այս ամենում դրսևորվող կնոջ տաղանդի հետ:
Սոնա Մնացականյան կին տաղանդների կրթաթոշակային ծրագիրը համախմբում է այն մարդկանց, ովքեր ճանաչում էին Սոնային և նրա աշխատանքը, ցանկանում են աջակցել նրա կիսատ թողած գործը։ Հավաքագրված միջոցները միանվագ կրթաթոշակների տեսքով կհատկացվեն տաղանդավոր հայ կանանց հետեւյալ երեք հիմնական անվանակարգերում.
● Վերականգնվող էներգիա,
● Տեխնոլոգիա,
● Գիտություն։
Աջակցությունը կհասնի առնվազն ևս 10 աղջկա
կրթաթոշակային ծրագրի նախաձեռնողները հայտնում են, որ կրթաթոշակների նոր փուլը կրկին կշնորհվի FemInno կոնֆերանսի ընթացքում, որը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 29-30-ին Երևանում։ Հայաստանից և Արցախից 18 տարին լրացած տասը աղջիկներ և կանայք, ովքեր զբաղվում են վերը նշված երեք հիմնական ոլորտներից որևէ մեկով, աջակցություն կստանան շարունակելու իրենց ջանքերը: Հաղթողները կընտրվեն բաց մրցույթի միջոցով, որին կարելի է դիմել այս հղումով, վերջնաժամկետը հուլիսի 10-ն է։ Ընտրող հանձնաժողովը կազմված է կազմակերպիչներից, Սոնայի ընտանիքի անդամներից և ոլորտի մասնագետներից:
Սոնա Մնացականյանը հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքը, և յուրաքանչյուրն արժանի է այդ հնարավորությանը։
Հարակից հրապարակումներ`
- Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ապացույցները բավարար են մեղադրյալի նկատմամբ մեղադրական դատավճիռ արձակելու համար. Փաստաբան
- Մոմավառություն՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի հիշատակին
- Փաստաբան. Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ խախտվել են Սոնա Մնացականյանի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները
- Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու գործը կուղարկվի դատարան․ Դատախազություն