Քաղաքը խնդիրներ է ստեղծում հաշմանդամություն ունեցող երեխաների համար. 9-րդ դասարանի աշակերտ
Երևանի Համո Սահյանի անվան 70-րդ հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Կարապետյանը «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով միջոցառման շրջանակում բարձրաձայնեց հաշմանդամություն ունեցող երեխաներին վերաբերող մի քանի հարց։
«Երեխաների հիմնական իրավունքները և դրանց երաշխիքներն ամրագրված են օրենքով, և մենք՝ երեխաներս, նախ և առաջ իրավունք ունենք չտեսնել պատերազմ, սիրել և սիրված լինել մեր հարազատների կողմից, ունենք իրավունք պաշտպանված լինել պետության կողմից, ստանալ կրթություն, ապրել սոցիալական լավ պայմաններում, ստանալ որակյալ բժշկական օգնություն, զբաղվել սպորտով։ Այս ամենի իրավունքն ունենք»,- իր խոսքի սկզբում ասաց Անահիտը։
Այնուհետև նա ներկայացրեց հաշմանդամություն ունեցող Մայիսի երազանքների քաղաքը՝ ամեն ինչ ներդաշնակ ու հարմարավետ, որը, ցավոք, գոյություն չունի։
«Մայիսը տեղաշարժվում է իր մայրիկի օգնությամբ, դպրոցում նրան օգնում են սիրելի ու հոգատար ուսուցիչները, ունի լավ ընկերներ, որոնք պետք եղած դեպքում ձեռք են մեկնում։
Այսօր նման խնդրով երեխաները հասարակությունից իրենց առանձնացված չեն զգում, սակայն չենք կարող չնշել այն խնդիրները, որոնք մեր քաղաքը ստեղծում է նման խնդրով երեխաների ու նրանց ծնողների համար։
Երբ տվյալ խնդիր ունեցող երեխան մեքենայի մեջ է լինում, ծնողը շատ հաճախ մեքենան կայանում են արգելված վայրում, որպեսզի տվյալ շենքին, շինությանը շատ ավելի մոտ գտնվի, որի համար, հետևաբար, տուգանվում է։ Առաջարկում եմ հարցի լուծում՝ ունենալ տարբերանշաններ, որոնք ծնողները կկարողանան փակցնել մեքենայի վրա, ինչը կփաստի մեքենայում նման խնդրով երեխայի մասին։ Այսպես, արգելված վայրերում կանգնող մեքենաները չեն տուգանվի»,- ասաց Անահիտը։
Նա նաև խոսեց թեքահարթակների անհրաժեշտության մասին, մասնավորապես գետնանցումներում կամ կամուրջների վրա։
«Հայաստանում այսօր պաշտոնապես գրանցված է 8000 հաշմանդամություն ունեցող երեխա։ Իրական թիվը կարող է հասնել մինչև 12 հազարի, քանի որ, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, հաշմանդամության որոշ դեպքեր գրանցված չեն։ Թեքահարթակներն անհրաժեշտ են»,- ասաց Անահիտ Կարապետյանը։
Նա իր խոսքն ամփոփեց Մայիսի խոսքերով. «Իմ երազների քաղաքը շատ իդեալական է, որը չի կարող գոյություն ունենալ, քանի որ նրա գլխավոր մասը կազմող մարդիկ իդեալական չեն, բայց ես հավատում եմ հրաշքներին»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանում 9-րդ դասարանի աշակերտ Նարեկ Ղարաջյանն առաջարկներ հնչեցրեց, որոնց իրականացումը կլավացնեն կյանքի որակը
- Մետրոն ու տրանսպորտն աշխատեն ավելի երկար. 9-րդ դասարանի աշակերտի առաջարկը՝ Ավինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան