«Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների»
Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր ժողովը, որի ընթացքում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը, հաստատվել է շարժման Կանոնագիրը և ընդունվել է հիմնադիր համաժողովի՝ հայ ժողովրդին ուղղված դիմումը:
Հանրային շարժման մամուլի ծառայությունից հայտնում են, որ կանոնագիրը սահմանում է, որ շարժումը ԱԶԱՏ, ԱՆՎՏԱՆԳ, ԵՐՋԱՆԻԿ և ՀԱՅԿԱԿԱՆ Արցախ գաղափարի շուրջ կամավոր հիմունքներով միավորում է, որում ընդգրկված են քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ: Նախատեսվում է, որ այն ընդգրկելու է ամբողջ Արցախը: Շարժման կենտրոնակայանը լինելու է Ստեփանակերտում, տարածքային միավորներ կգործեն բոլոր շրջաններում: Շարժումը բաց է անդամակցության համար:
Համաժողովի բացմանը հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը խոսել է շարժման առաքելության մասին: Նա կարևորել է գաղափարի բանաձևումը, որին պետք է հետևեն գործողությունները: Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ նախաձեռնողները շարժումն սկսել են երեք նպատակով. «Առաջինը՝ համախմբվել գաղափարի շուրջ՝ հաղթահարելով ապատիան և անտարբերությունը, որը շատ վտանգավոր է: Երկրորդը՝ որ աշխարհը հասկանա, որ մենք չենք ենթարկվելու այն ծրագրին, որն ուզում է իրագործել Ադրբեջանը: Ու դա միայն Արցախի իշխանության դիրքորոշումը չէ, այլ ողջ ժողովրդի, որը պատրաստ է պայքարելու իր իրավունքների համար: Կարևոր է, որ այդ դիրքորոշումը հնչի, հնչի բարձրաձայն ու միասնաբար, և Հայաստանը, հայկական աշխարհը, մեր ընկերները միանան: Երրորդը՝ հանրային շարժման միջոցով ազդել կառավարության կողմից ընդունվող որոշումների վրա: Եվ այդ ճնշումը լինի առողջ և օգտակար, ոչ թե քանդող ու վնասակար»:
Համաժողովի մասնակիցները գաղտնի քվեարկությամբ ընտրել են Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը:
Ընդունվել է նաև հիմնադիր համաժողովի՝ հայ ժողովրդին ուղղված դիմումը:
««ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱԿԱՏ»
հանրային շարժման հիմնադիր համաժողովի դիմումը հայ ժողովրդին
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող քույրեր ու եղբայրներ,
Արցախի ժողովուրդը և Արցախի Հանրապետությունը հայտնվել են գոյաբանական լրջագույն մարտահրավերների առջև: 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը լիակատար շրջափակման մեջ առնելով, իսկ 2023թ. ապրիլի 23-ին Հայաստան-Արցախ սահմանագծին ապօրինաբար անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը փաստացի հաստատել է Արցախի Հանրապետությունը Հայաստանից ու աշխարհից մեկուսացնելու եւ Արցախը վերջնականապես բռնագրավելու իր նկրտումները:
Թշնամին ամեն օր սադրիչ գործողություններով ու վերջնագրերով նոր սպառնալիքներ է առաջադրում Արցախի ժողովրդին՝ բնաջնջման վտանգի տակ պահելով Արցախի 120 000 բնակչությանը, այդ թվում՝ 30 հազար երեխաների:
Ցավալի է փաստել, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները, ճանաչելով Ադրբեջանի 86 600 քառ.կմ տարածքային ամբողջականությունը, բացեիբաց Արցախը հանձնում են թշնամուն:
Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների:
Մեր պատմության այս կործանարար ընթացքը հնարավոր է կասեցնել միայն 1988-ի ազգային զարթոնքի ոգին վերականգնելով եւ պայքարելով:
Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական ներկա գործընթացների, անկայունության եւ լարվածության աճի պայմաններում մեր դեմ շարունակվող հիբրիդային պատերազմին հակազդելու եւ առկա ու հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու համար անհրաժեշտ է բոլոր կարող ուժերի համախմբումը:
Մենք՝ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիրներս, հայտարարում ենք հանուն հայրենիքի պաշտպանության պայքարելու մեր վճռականության մասին եւ կոչ ենք անում բոլորին միանալու Շարժմանը՝ համախմբվելով Արցախը ազատ, անվտանգ ու հայկական պահելու նպատակի շուրջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան