Գարեգին Բ-ն Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ քննարկել է տարածաշրջանում առկա մարտահրավերները
Հունիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայի խորհրդարանի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան և Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով երկու երկների հարաբերություններին, ընդգծել է, որ դրանք հատկանշված են սերտ բարեկամությամբ և Արգենտինան դժվարին իրավիճակներում, հատկապես արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձել է Արգենտինայի Սենատի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող և դադարեցնելու կոչ անող հայտարարությանը։
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, մինչև օրս գերության մեջ պահվող հայորդիներին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։
Ամենայն Հայոց Հայրապետը ողջունել է բարեկամ երկրների, խորհրդարանական և պետական գործիչների ու անհատների ջանքերն ուղղված միջազգային ատյաններում արցախահայության ազատ և անկախ ապրելու արդար իրավունքի պաշտպանությանը՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդը քրիստոնեական հավատքի և լավատեսական ոգու շնորհիվ կկարողանա հաղթահարել առկա դժվարություններն ու մարտահրավերները:
Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ իրենց այցի նպատակն է նաև անմիջականորեն ծանոթանալու Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակին՝ հավաստիացնելով, որ իրենց լիազորությունների շրջանակներում կնպաստեն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացներին:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների ներդրած ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և առկա մարտահրավերների հաղթահարման գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան