Որևէ երկրում նման բան չկա, որ մարդկանց եկամուտներն աճեն և միաժամանակ մարդիկ աղքատանան․ տնտեսագետ
Օրեր առաջ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ 2022 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ կազմել է շուրջ 1 մլրդ դոլար։ Այդ գումարն, ըստ նրա, համարժեք է Հայաստանի ՀՆԱ–ի 5.13%-ին։
Այս հայտարարությունը տնտեսագետների մոտ ավելի շատ հարցեր է առաջացրել։ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ուղղակի խոսում են ինչ-որ թվերի մասին, սակայն պարզ չէ, թե որ ոլորտներում են այդ ներդրումներն արվել։
«Եթե ցամաքային նավահանգիստ կառուցողը (Վահան Քերոբյանը-խմբ․) հայտնի, թե հատկապես որ ոլորտներում են ներդրումներ արվել, այդ դեպքում կհասկանանք՝ խոսքն ինչի մասին է, և ստիպված չենք լինի բախտագուշակներին այցելել՝ պարզելու, թե որ ոլորտները նկատի ունի», - ասաց Մանասերյանն ու հավելեց․ «Ի վերջո նաև հարց է առաջանում՝ այսօր ո՞վ փորձ կանի ներդրումներ անել մի երկրում, որտեղ անկայություն, անվտահություն և հարափոփոխ իրավիճակ է»։
Նրա խոսքով՝ չեն ներկայացնում այն թվերը, որոնք իրականությանը մոտ են։ Օրինակ, ըստ նրա, եթե խոսում են մարդկանց եկամուտների, ՀՆԱ-ի աճի մասին, ապա ինչու են մարդիկ այդ դեպքում արտագաղթում երկրից։
Տնտեսագետ նշեց նաև, որ որևէ երկրում նման բան չկա, որ գրանցվի երկնիշ թվով տնտեսական աճ, բայց միաժամանակ աշխատատեղերը կրճատվեն 20 հազարով, իսկ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվի զրո տոկոս աճ։
«Մեզ իրական պատկերը չեն ներկայացնում։ Որևէ երկրում չեք տեսնի, որ մարդկանց եկամուտներն աճեն և դրան զուգահեռ մարդիկ աղքատանան։ Օրինակ՝ Շիրակի մարզում աղքատության մակարդակը 60 տոկոսից անցել է։ Սրանք լուրջ մտահոգություններ են, որոնց լուրջ մարդկանց պետք է հասցեագրել, այլ ոչ թե ցամաքային նավահանգիստ կառուցողներին»,- ասաց տնտեսագետը։
Թաթուլ Մանասերյանը նաև նշեց, որ պարբերաբար խոսում են արդյունաբերության զարգացման մասին, բայց նախ հարց է առաջանում՝ ունե՞նք արդյունաբերություն։ «Առանձին արտադրություններ կան, որոնք կայացել են գործարարների համառության, ջանքերի շնորհիվ, բայց արդյոք կառավարությունը տեղյակ է․ թե դրանք ինչպես են կայացել և ինչ ճակատագիր կարող են ունենալ։ Կարծում եմ՝ ոչ»,- ընդգծեց տնտեսագետը։