Իրական գործողություններով հնարավոր է այլևս չթողնել որևէ հեռանկար ինքնիշխանություն ունենալու, ինչով էլ զբաղված է իշխանությունը. Սոս Հակոբյան
«Եթե դու երկիր ես և հասել ես մի իրավիճակի, երբ քո տարածաշրջանում տարբեր աշխարհաքաղաքական, իրար հետ բախումներ ունեցող բևեռները նույն կարծիքն են հայտնում, ուրեմն ձախողակը դու ես»,-«Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը, անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ԱՄՆ-ից հնչած հայտարարության վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով՝ միջազգային խոշոր խաղացողները երկրի տարածքային ամբողջականության մասին շահեկան բառեր կասեն, եթե տվյալ երկրի ղեկավարն ունի կամք այդ տարածքային ամբողջականությունը պահպանելու համար:
«Մենք իրավունք չունենք ինչ-որ մեկի վրա մատ թափ տալու այն դեպքում, երբ մենք վերջերս Մոսկվայում կայացած հանդիպմանը ոչինչ չարձագանքնեցինք, կամ լռելյայն վերահաստատեցինք այն միտքը, ըստ որի Արցախն Ադրբեջանի կազմում է դրույթին բոլորը համաձայնել են»,-նկատեց Հակոբյանը
Նրա խոսքով՝ եթե միջազգային խաղացող ԱՄՆ-ը տեսնում է, որ Հայաստանի դե-ֆակտո և հանդիպումներում դե-յուրե ներկայացնող ղեկավարը համաձայնում է այդ մտքի հետ, ապա Միացյալ Նահանգներին այդ իրավիճակում մնում է միայն զուտ կոնֆլիկտի լուծման նպատակով շոյելու քայլեր անել:
«Այսինքը, եթե դու քո շահերն այդ մակարդակի ես իջեցրել , նույն մակարդակում էլ պետք է գործեն միջազգային խաղացողները:
Կա սեփական, կենսական տարածքի պաշտպանություն, եթե դրա համար կա կամք։ Հայաստանն այլ պետությունների աչքերում Նիկոլ Փաշինյանի շուրթերով ասում է, որ մենք չգիտենք որն է մեր տարածքը ու մեր փոխարեն դա պետք է որոշեն մեր հարևանները, Ադրբեջանը, գուցե վաղը Թուրքիան։
Պետությունը դադարում է գոյություն ունենալ այն ժամանակ, երբ չի ունենում տարածք տնտեսական գործունեության, ապրանքը մի տեղից այլ տեղ տեղափոխելու համար, քանի որ դրա համար քեզ պետք է թույլ տան: Դա նշանակում է, որ քո կենսագործունեությունը միացած է արեստական շնչառության ապարատին, որը հարևանն է որոշելու՝ անջատի կամ միացնի»,-հայտարարեց Սոս Հակոբյանը և հավելեց. «Ես կարծում եմ, որ մեզ կարող է շուտով պետք գալ ծնողական իրավունքների ճանաչման փաստաթուղթ կամ որդեգրման վկայական, որովհետեև այն իշխանությունները, որոնք դեռ ամիսներ առաջ խոսում էին սուվերենությունից հրաժարվելու մասին հայտարարությունները քրեականացնելու մասին, այսօր այդ սուվերենությունից քարը քարին չեն թողել:
Ինքնիշխանությունը, սուվերենությունը և առհասարակ՝ ապրելու իրավունքը հնարավոր չէ հայտարարություններով ունենալ կամ չունենալ, բայց իրական գործողություններով հնարավոր է այլևս չթողնել որևէ հեռանկար դրանք ունենալու, ինչով էլ զբաղված է այսօրվա իշխանությունը»:
Բանախոսը նաև նկատեց, որ եթե մենք չկանգնենք մեր իրավունքների պաշտպանի դիրքում, ապա կմնանք մի բարեկամ պետության հովանու ներքո, որը կտա այնքան, ինչքան պետք է գոյատևելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ասպրամ Կրպեյան. Հասարակությանը պետք է հստակ պատրաստել շատ կարևոր ճակատամարտի
- Փաշինյանի պատկերացմամբ՝ ՄԱԿ-ում կա մի կադաստր և այնտեղ ուղղակիորեն գրված է, որ ՀՀ տարածքը 29800ք/կմ է.Վարդան Պողոսյան
- Այս իշխանությունը փորձում է մարդկանց մոլորեցնել ու ի վերջո հանձնել Արցախը, Հայաստանի մի շարք բնակավայրեր. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան