Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան
Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշում են՝ աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ վարակվում են երեխաները, հետևաբար էքսկուրսիաներ մեկնելիս պետք է հաշվի առնել այդ փաստը և ճիշտ ու անվտանգ կազմակերպել հանգիստը՝ հետևելով մի շարք կարևոր կանոննների.
✅ մթերքը մի’ գնեք չկազմակերպված առևտրի կետերից, մասնավորապես՝ փողոցային առևտրի կետերից, որտեղ չկան բավարար պայմաններ՝ մթերքը պահպանելու համար,
✅ գնե՛ք միայն բավարար պահպանման ժամկետ ունեցող մթերքներ՝ հնարավորինս խուսափելով շուտ փչացող մթերքներից,
✅ շուտ փչացող մթերքը տեղափոխե՛ք և պահե՛ք սառնարան-պայուսակներով,
✅ մի՛ տվեք երեխաներին այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավի միս, ճարպ, պանիր, հավկիթ, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն նշված մթերքները թարմ պահելու համար,
✅ Խուսափե՛ք երեխաներին տալ կաթնամթերք, ապխտած մթերք, ձու և կրեմային հրուշակեղեն, աղցաններ, քանի որ դրանք նպաստավոր միջավայր են հանդիսանում մանրէների բազմացման համար,
✅ մի՛ վերցրեք ձեզ հետ հատապտուղներ և այնպիսի պտուղներ, որոնք արագ են փչանում,
✅ ստեղծե՛ք հաճախ լվացվելու և միրգն ու բանջարեղենը լվանալու հնարավորություն,
✅ խմեք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված,
✅ կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործե՛ք առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ:
Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),
✅ ամբողջ սնունդը, մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պետք է պաշտպանված լինի միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հանդիսանում են հիվանդածին մանրէների փոխանցողներ: Սնունդը անպայման պահե՛ք լավ փակվող տարաներում կամ փաթեթավորեք պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով,
✅ խորոված պատրաստելիս, անպայման հետևեք, որ միսը լավ եփվի (լրիվ թերմիկ մշակում),
✅ օգտագործե՛ք անձնական կամ միանգամյա օգտագործման սպասք և հիգիենայի պարագաներ,
✅ եթե այնուամենայնիվ ձեզ մոտ առաջացել են աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ (լուծ, սրտխառնոց և փսխում, ջերմության բարձրացում), մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմեք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան