«Հրապարակ». Գևորգ Պապոյանի հեղինակած օրենսդրական նախագծի հետևում Փաշինյա՞նն է կանգնած
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ տնտեսական հանձնաժողովում երեկ փակ քննարկում է տեղի ունեցել՝ ՔՊ-ականների և բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի ներկայացուցչի մասնակցությամբ, որը շատ թեժ է անցել։ Թեման ՔՊ-ական Գևորգ Պապոյանի հեղինակած օրենսդրական նախագիծն է, որն անցած քառօրյայում սուսուփուս, առաջին ընթերցումով ընդունվել է։
ՔՊ-ականն առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, վարկն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը` երբ բնակարանը կառուցվի և հանձնվի սեփականատիրոջը։ Բացատրենք, որ երբ քաղաքացին հիպոթեքով տուն է գնում, չկառուցված բնակարանի վերաբերյալ կնքված սեփականության պայմանագրերը գրավ է դնում բանկում, բանկն էլ վարկի գումարը փոխանցում է սեփականատիրոջը։ Թե որն է նման փոփոխության հիմնավորումը, նախագծում չի նշվում, իբրև թե քաղաքացու շահը, որ որևէ կառուցապատող նրան «չքցի»։
Սակայն առաջին ընթերցումից հետո ոլորտում փոթորիկ է բարձրացել, մասնագետների կարծիքով՝ եթե այս առաջարկն օրենքի տեսք ստանա, ապա կարելի է շինարարական ոլորտի վրա տապանաքար դնել, քանի որ ոլորտում մենաշնորհ կձևավորվի, և բազմաբնակարաններ կկառուցեն միայն դոլարային միլիարդատերերն ու օլիգարխները, քանի որ գաղտնիք չէ, որ կառուցապատողները բանկից ստացվող գումարներով են ավարտին հասցնում գործը։
Իշխանության ներսում ևս այս օրենքը կռիվ է գցել, տնտեսագետները պնդել են, որ սա մեծ վնաս կհասցնի ոլորտին, և Պապոյանին առաջարկել են հրաժարվել դրանից, սակայն վերջինս, երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դրած, իրենն է պնդում, ուստի որոշել են շահագրգիռ կողմերի հետ փակ քննարկում անել։ Մեզ պատմեցին, որ ներկաներին զարմացրել է հատկապես ԿԲ ներկայացուցչի դիրքորոշումը, որը համընկել է Պապոյանի դիրքորոշման հետ, և մարդիկ հասկացել են, որ այս նախագծի ետևում Նիկոլ Փաշինյանն է կանգնած. առանց նրա «դաբրոյի» ԿԲ-ն սա չէր պաշտպանի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները