Իրանագետ Կամրավան մեկնաբանել է Իրանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցած բախումները
Իրանի ղեկավարությունը և Աֆղանստանի թալիբների կառավարությունը պատերազմ չեն ցանկանում, երկու պետությունների սահմանին լարվածության վերջին սրումը լայնամասշտաբ հակամարտության չի վերածվի։ Նման կարծիք է հայտնել Կատարի Ջորջթաուն համալսարանի պետական կառավարման պրոֆեսոր Մեհրան Կամրավան, որի մեկնաբանությունըփոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, «Թալիբան»-ի սահմանապահները նախկինում տեղի ունեցած միջադեպերի ժամանակ գործել են բավականին ոչ պրոֆեսիոնալ, սակայն աֆղանական-իրանական սահմանին իրավիճակը դժվար թե վերահսկողությունից դուրս գա։
Կամրավան հավելել է, որ Քաբուլն ու Թեհրանը ծանր տեխնիկա են տեղափոխել սահմանամերձ շրջաններ՝ միմյանց զսպելու համար։ Միևնույն ժամանակ, պրոֆեսորը չի հավատում, որ իրավիճակը կվատթարանա, քանի որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում նոր պատերազմ։
Կամրավան նաև կարծիք է հայտնել, որ երկու կողմերն էլ ռազմավարական օգուտներ կստանան կոշտ հռետորաբանությունից, բայց նաև ռազմավարական կորուստներ, եթե հակամարտությունը շարունակվի:
Մայիսի 27-ին Tasnim-ը հաղորդել էր Իրանա-աֆղանական սահմանին բախումների մասին, որոնք հանգեցրել են իրանցի սահմանապահի զոհվելու: Իրանի իրավապահ մարմինների ղեկավարի տեղակալ գեներալ Քասեմ Ռեզայը հայտնել է, որ թալիբները գնդակոծել են Սասոլիի անցակետը։ Իր հերթին Թալիբանի կառավարությունում ՆԳՆ ներկայացուցիչ Աբդուլ Նաֆի Տակորան Թեհրանին մեղադրել է Աֆղանստանի տարածքը գնդակոծելու մեջ։ Նրա խոսքով՝ երկու կողմից սպանվել է երկու մարդ։ Հունիսի 1-ին Al Arabiya հեռուստաընկերությունը հայտնել է, որ Քաբուլն ու Թեհրանը ծանր տեխնիկա են մոտեցնում սահմանին։