Բացահայտվել է անհամեմատ ցածր գներով ծաղիկների իրացման և հարկման բազաների թերհայտարարագրման դեպք
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծաղիկների, մասնավորապես՝ հոլանդական վարդերի մանրամեծածախ վաճառքի և արտահանման գործունեությամբ զբաղվող ընկերությունը 2021-2023 թվականների ընթացքում հանրապետության տարածքում վաճառված ծաղիկների համար կազմված հաշվարկային փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, մասնավորապես, ծաղիկների վաճառքի մեկ միավորի գինը հարկային հաշիվներում նշվել է 80-208 ՀՀ դրամ, իսկ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններում՝ 60-250 ՀՀ դրամի սահմաններում, մինչդեռ ծաղիկներն իրականում վաճառվել են նվազագույնը 400 ՀՀ դրամ արժեքով։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ձեռք բերված ելակետային տվյալների հիմքով, կատարվել է նախնական հաշվարկ․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ 33 միլիոն (32.806.747) ՀՀ դրամի վնաս:
ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ գնորդ ընկերությունների անվամբ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում մատակարարվող ապրանքների իրական գները խեղաթյուրելուց։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան