«Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկել է Գյումրիից
«Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկել է նախօրեին Գյումրիից։ Եվս մեկ կազմակերպություն միացել է «ՀԱՅԱՔՎԵ» նախագծի շուրջ համագործակցության հուշագրին։
««Համախմբում» շարժումն ու Գյումրիի «Ազգային Արժեք» ակումբը համաձայնության են եկել համազգային նպատակների՝ ներառյալ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ, հանրային մոբիլիզացիայի միջոցով համատեղ գործունեություն ծավալելու մասին։ Հանդիպմանը ներկա են եղել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքիեպիսկոպոս Աջապահյանը։ Հանդիպումն անցել է ակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գյումրիում ունեցած ելույթի ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ասել է. «Մենք այսօր կանգնած ենք մեր անկախ պետության պատմության մեջ աննախադեպ ճգնաժամի, աննախադեպ մի փորձության առաջ։ Երբ փորձում ենք երկրիդ վարչապետի ասածների ենթատեքստը կարդալ, հետևյալն է. թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ պարտադրում է զինաթափում։ Իրականում խոսքը գնում է հայության քաղաքական զինաթափման մասին, քանի որ երբ որ քեզանից վերցնում են Արցախը, քեզանից վերցնում են, ըստ էության, քո ինքնության ամբողջ հիմքերը, երբ որ քեզանից վերցնում են այդ գյուղները, որոնք իրենց անկլավ են կոչում, առնվազն երեք առանցքային ճանապարհ՝ Արարատյան դաշտից դեպի Վայոց ձոր, Իջևանից դեպի Բերդ և Իջևանից դեպի Նոյեմբերյան, արգելափակվում են ադրբեջանական ռազմական ստորաբաժանումներով»։
Նա նաև ասել է. «Ես չեմ ասում մենք թուրքի հետ միշտ թշնամի պետք է լինենք, բայց եթե մենք թուրքի հետ հաշտվում ենք, փորձում ենք որպես հարևան ապրել, դա չպիտի լինի մեր ստորացման հաշվին։
Ուրեմն իրենք մեր իրավունքի, մեր շահի հետ պետք է հաշվի նստեն, մենք՝ իրենց իրավունքի, իրենց շահի հետ։ Չի կարող լինել միակողմանի։
Իսկ հիմա մեզ միակողմանի զիջումներ են պարտադրում ու ցավն այն է, քանի զիջումի համաձայնվում ու համակերպվում ես, դրանով էլ ավելի ես քեզ թուլացնում ու դրանով ճանապարհ ես բացում նոր զիջումների համար։ Ամենապարզ օրինակն այն է, որ մենք ժամանակին համակերպվեցինք նրա հետ, որ Քարվաճառը, Քաշաթաղն առանց կռվի հանձնենք, մեր բանակի զենքով, արյունով պաշտպանած անառիկ ամրոցը հանձնեցինք, և դա իրենց համար ճանապարհ բացեց դեպի Գեղարքունիք, Սյունիք, Վայոց ձոր, այդ բոլոր ուղղություններով իրենք արդեն ներթափանցել են մեր տարածք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան