Վարշավայում 1989 թվականից ի վեր ամենամեծ բողոքի ցույցն է տեղի ունեցել
Վարշավայում հարյուր հազարավոր մարդ կիրակի օրը՝ հունիսի 4-ին, դուրս է եկել փողոց՝ բողոքելու իշխող աջակողմյան «Իրավունք և արդարություն» կուսակցության վարած քաղաքական կուրսի դեմ։ dw.com-ի հաղորդմամբ, կազմակերպիչներն ասել են, որ քաղաքային վարչակազմն ակցիայի մասնակիցների թիվը գնահատել է կես միլիոն, այսինքն՝ 1989 թվականի կոմունիզմի տապալումից ի վեր սա ամենամեծ ցույցն է։
Երթը համընկնել է 1989 թվականի հունիսի 4-ին Լեհաստանում առաջին մասամբ ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացման տարեդարձի հետ։ Gazeta Wyborcza-ն գրել է, որ բազմաթիվ մասնակիցներ մայրաքաղաք են եկել այլ քաղաքներից՝ ակցիային մասնակցելու համար։ Վարշավա են ժամանել ավելի քան 1000 ավտոբուսներ ամբողջ երկրից։
Երթի կոչ է արել ամենամեծ ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ, ԵՄ խորհրդի նախկին նախագահ և Լեհաստանի ընդդիմության ներկայիս առաջնորդ Դոնալդ Տուսկը։ Նրա կոչին աջակցել են երկրի այլ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները։ Ակցիային մասնակցել է նաև Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լեխ Վալեսան։
Կազմակերպիչներն ասել են, որ մարդիկ դուրս են եկել ցույցի՝ իրենց բողոքն արտահայտելու՝ «թանկ կյանքի, կեղծիքների ու ստի դեմ, ինչպես նաև հանուն ժողովրդավարության, ազատ ընտրությունների և Եվրամիության»։ Ցուցարարները կրել են «Բավական է» և «Ոչ ավտորիտար Լեհաստանին» գրություններով պաստառներ։
Լեհաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի աշնանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան