Կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ.Բ.-ն 2022 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, ինչպես նաև 2023 թվականի հունվարին զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին ահազանգեր հնչեցրել: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։
«Մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Բ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչություն և հայտնել, որ իր ցուցումով Լոռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Լոռու մարզի դատախազության շենքերի նկուղներում տեղադրվել է ռումբ: Դատարանի և դատախազության շենքերում իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում ռումբ կամ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:
Մեկ այլ դեպքում՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, զանգահարել է Լոռու մարզի փրկարար ծառայություն և հայտնել, որ Լոռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Ա.-ի և Լոռու մարզի դատախազ Կ.Գ.-ի աշխատասենյակներում ռումբ է տեղադրված: Կատարված ստուգողական գործողությունների արդյունքում ռումբ կամ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:
Դրանից բացի՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ին և 16-ին Գ.Բ.-ն զանգահարել է Լոռու մարզի փրկարար ծառայություն և տեղեկացրել, որ «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում և Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Տ.Թ.-ի աշխատասենյակում տեղադրված է ռումբ և պայթուցիկ սարք: Տեղեկությունը ստուգվել է և պարզվել, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում:
2022 թվականի դեկտեմբերի 2-ին, 21-ին, և 30-ին Գ.Բ.-ն կրկին զանգահարել է Լոռու մարզի փրկարար ծառայություն, Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և Արդարադատության նախարարություն ու տեղեկացրել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Ա.-ի աշխատասենյակում, Երևան քաղաքի դատախազության և Արդարադատության նախարարության շենքերում ռումբ կա տեղադրված: Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Բ.-ի հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
2023 թվականի հունվարի 6-ին Գ.Բ.-ն զանգահարել է ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ԱԱԾ Լոռու մարզային վարչության շենքում ռումբ կա տեղադրված: Ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
2023 թվականի մայիսի 26-ին հսկող դատախազի կողմից Գ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելը) (չորս դրվագ) և 314-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելը, որը անզգուշությամբ առաջացրել է հիմնարկի գործունեության կազմալուծում կամ ծանր հետևանք) (վեց դրվագ):
Դատախազը 2023 թվականի հունիսի 2-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»,- նշում են դատախազությունից։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հանրային կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան